Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգ կտա Մոսկվայում՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում:
«Ուրախ եմ որ կրկին Մոսկվա եմ եկել, ու ամեն անգամ այսպես եմ ասում, երբ գալիս եմ այստեղ», – խոստովանել է Ազնավուրը համերգին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսելով իր ենթադրյալ վերջին համերգային շրջագայության մասին, Ազնավուրը կրկին հիշեցրել է, որ ինքը պատրաստվում է լինել առաջին երգիչը, որը բեմում կլինի 100 տարեկանում:
Կարդացեք նաև
Նա հավաստիացրել է, որ ֆիզիկապես լավ վիճակում է, քանի որ կարողանում է իրեն զսպել որոշակի բաներից. «Սպորտով ես չեմ զբաղվում, սակայն չափավոր խմում եմ ու այլևս չեմ ծխում ու հեռու եմ մնում այն բաներից, որոնք 50 տարեկանից հետո ավելի լավ է չանել: Ամեն մարդ իր ներսում պետք է հավասարակշռություն գտնի: Պետք է ինքնատիրապետել սովորել ու «դուրս չգալ ափերից», բացի չափազանց բացառիկ դեպքերից», – ասել է նա՝ նշելով, որ իր կյանքի երջանկության գաղտնիքը երջանիկ ընտանիք ունենալու մեջ է:
«Ես ցանկանում եմ, որ իմ տարիքի բոլոր մարդիկ իմ պես ակտիվ լինեն», – եզրափակել է շանսոնյեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ