Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ զեկույցի 400 էջը հաճույքով կարդացել է, գրագետ աշխատանք է. «Արտակարգ իրավիճակներում բանակի օգտագործման հետ կապված մենք մերժվեցինք ԱԺ-ում: Սա, ըստ մեզ, լուրջ ոտնահարում է»: Արամ Մանուկյանը խնդրեց օմբուդսմեին իր կարծիքը հայտնել դրա հետ կապված:
Ըստ Արամ Մանուկյանի՝ զեկույցում Մարտի 1-ի եզրակացությունը շատ «անոսկոր է». «Սա ջուր է, քամի է, ոսկոր չկա, կարծիք չկա: Նախկին դատախազի հայտարարությունը կա Մարտի 1-ի հետ կապված, կուզեի ձեր գնահատականը: Շատ կոպիտ հայտարարություն է, նույնիսկ մեղադրում է տուժողներին, որ իրեն խոչընդոտել են: Սա նույնիսկ վիրավորանք է զոհերի հարազատներին»:
Կարեն Անդրեասյանը Աղվան Հովսեփյանի հետ չհամաձայնեց՝ վստահեցնելով. «Որեւէ էջ Մարտի 1-ի մասով փակված չէ: Այդ մասին է վկայում իմ զեկույցը: Եթե էջը փակված լինելու մասին վկայող որեւէ բան լիներ, ես այլեւս չէի ներառի այդ խնդիրն իմ զեկույցում»:
Արտակարգ դրության հետ կապված ասաց, որ հակասահմանադրական որեւէ բան չի տեսնում այս պահին. «Սա չի նշանակում, որ մենք վերջացնում ենք այս բանավեճը, միգուցե ես կամ իմ մասնագետները բաց ենք թողել որեւէ խնդիր, կարող ենք բաց կամ փակ քննարկում անել»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը օմբուդսմենի ուշադրությունը հրավիրեց նաեւ մեկ այլ խնդրի վրա: Նա փոխանցեց Գյումրիի ոստիկանապետի խոսքերը՝ News.am-ին. «Նա ամսի 8-ի միտինգից առաջ, թե դա իր ինչ գործն է, հայտարարում է, որ Գյումրիի Թատերական հրապարակը ամսի 8-ի հանրահավաքին բազմամարդ չի լինի: Ո՞վ է ինքը, որ նման հայտարարություն է անում: Ո՞վ է այսքան լիազորոթյուն տալիս մեր ոստիկանապետերին, քաղաքական ակցիաների, օրենքով թույլատրված հանրահավաքների մասին այսպիսի սպառնալիք հնչեցնել եւ հայտարարություններ անել: Ես հայտարարում եմ ու ասում, որ զբաղվեք այս կարգի գործերով»:
Կարեն Անդրեասյանն ասաց, որ այդ հայտարարությունն ընդունում է որպես բանավոր դիմում եւ վարույթ կհարուցվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ