«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր ներկայացրեց հայաստանյան լրագրողների կողմից սոցիալական ցանցերը (սոցմեդիան)՝ որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու հարցման արդյունքները:
Հարցումը, որն անցկացվել է 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հայաստանյան 50 տարբեր լրատվամիջոցների 100 ներկայացուցիչների շրջանում, առաջին հերթին նպատակ է ունեցել պարզելու, թե ինչպես են հիմնական լրատվամիջոցներն օգտագործում սոցիալական մեդիան, և որքանով են սոցիալական լրատվամիջոցներն ազդում լրատվության որակի, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվության հոսքի վրա:
Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերը լրագրողական գործունեության կարևորագույն միջոցներից են. «Այն հանգամանքը, որ հարցումների խումբը ձևավորելիս մեզ որևէ մեկը չի մերժել, քանի որ սոցցանցերի օգտատեր չէ, արդեն խոսում է այն մասին, որ սոցցանցերի տարածվածությունը լրագրողների շրջանում անշրջելի երևույթ է»,- ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը:
Ըստ հետազոտության՝ ավանդական ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերից օգտվելիս, տեղեկատվության 99%-ն ստանում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, երկրորդ տեղում «Յութուբն» է, երրորդում՝ «Թվիթերը»:
Կարդացեք նաև
Գրեթե բոլոր հարցվածները նշել են, որ առկա է մրցակցություն ավանդական և սոցիալական լրատվամիջոցների միջև, և դա արտահայտվում է ավելի շատ ոչ թե էքսկլյուզիվ կոնտենտների, այլ նյութերի հանրայնացման արագության, լսարանի արձագանքների առումով:
94%-ը նշել է, որ սոցիալական մեդիան հանրային նշանակության տեղեկատվության աղբյուր է:
Ինչ վերաբերում է սոցիալական լրատվամիջոցների արժանահավատությանը, հարցվածների միայն 24%-ը չի վստահում սոցցանցերի աղբյուրներին:
«Պնդումները, թե սոցցանցային կոնտենտներով (հիմնականում ֆեյսբուքյան) որոշ լրատվամիջոցներ լցնում են իրենց էջերը, մասնակիորեն չափազանցված են,- ասում է Լ. Բաղդասարյանը,- համենայնդեպս, մեր դիտարկած 9 տարբեր ԶԼՄ-ների օրինակը վկայում է այդ չափազանցվածության մասին: Իհարկե, տարբեր լրատվամիջոցներ տարբեր չափաբաժիններ են ունեցել: Դրանցից մեկում, օրինակ, սոցցանցային աղբյուրները կազմել են կոնկրետ հղումներով և հանրային նշանակության տեղեկատվություն պարունակող նյութերի 20%-ը: Բայց կա նաև, ասենք, Aravot.am-ը, որտեղ այդ նյութերը կազմել են ընդամենը 1%, և համեմատաբար ավելի քիչ քանակի թեմաներով»:
Լրագրությամբ զբաղվող 100 հարցվածների մոտ կեսը ( 53%) չի կարողացել միանշանակ պատասխանել, թե սոցցանցերի ազդեցությունը ավանդական մեդիայի վրա դրակա՞ն է, թե՞ բացասական: Մյուս՝ ավելի փոքրաթիվ խմբերում կան կարծիքներ ազդեցության միանշանակ դրական և միանշանակ բացասական լինելու մասին:
Հետազոտության մանրամասն արդյունքները տեղադրված են՝ www.osce.org կայքում
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ