Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության մեջ դպրոցաշինության ոլորտի աղմկահարույց բացահայտումներ կային: Այս մասին կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւս մեկ անգամ հիշեցրել էր:
Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից լրագրողները կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են նախաձեռնվում դպրոցաշինության ոլորտի խնդիրները շտկելու համար:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը դիմելով կառավարությանը, հարցրել էր`«Արդեն 10 տարվա կտրվածքով 20-30 միլիոն գումարները այսօր ի՞նչ վիճակում են: 3 միլիարդի չափ գումար ծախսվել է դպրոցների վրա, 2016-17 թվերին առաջարկվելու է դրանցից շատերը քանդել, կամ ուժեղացման համար լրացուցիչ գումարների կարիք է լինելու, եւ պարզվեց, որ ներկայումս ծախսված 500-600 միլիոնը անհրաժեշտ է կրկնապատկել»:
Նարեկ Սարգսյանն այսօր ասաց, որ 74 դպրոցներում աշխատանքներն այս, մասնակի են կատարվել, վստահեցրեց, որ 2013 թվականին նախարարությունն աշխատանքներ է տարել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն. «Ինչից են առաջացել այդ խնդիրները. եղել են դպրոցներ, որտեղ վերանորոգում են արել, եղել են դպրոցներ, որտեղ հիմնանորոգում են արել, եւ կան դպրոցներ, որտեղ անհրաժեշտ է լուրջ կապիտալ վերակառուցում իրականացնել: Սեյսմիկ եզրակացությունը ցույց է տվել, որ այդ շենքներն ունեն տարբեր աստիճանի վթարայնություններ: Վերջերս կառավարությունում բյուջեի վերաբաշխում ենք ներկայացրել ու առաջարկել ենք 13 դպրոցներ, հենց այն դպրոցները, որոնց վրա անարդյունավետ ծախս է եղել, եւ քանի որ այդ դպրոցները շատ ծախսատար են, շատ բաներ պիտի քանդվեն ու նորից աշխատել, հետաձգել ենք»:
Կարդացեք նաև
Պարոն Սարգսյանի ներկայացմամբ` հետաձգման արդյունքում գոյացած գումարը վերաբաշխել են մնացած դպրոցների վրա եւ 1,5-2 տարում ծրագիրը պիտի ավարտեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ