Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Արտակ Բուդաղյանի գործով անցկացվող նիստի ժամանակ այսօր դատարանի դահլիճը լքած Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը փոխանցեց, որ դեռ չեն որոշել հետագա անելիքները:
«Հետագայի համար դեռ պետք է քննարկեմ Բուդաղյանների հետ, հետո վերջնականապես կորոշվեն մեր հետագա անելիքները: Ես դատավորին բացարկ եմ հայտնել, իսկ դատավորը մերժել է բացարկը: Ես լքել եմ դատարանի դահլիճը: Մի շարք պատճառներ կային, գործը չի կարող պատշաճ ձեւով քննվել եւ լուծում ստանալ Սյունիքում», – ասաց պարոն Ալումյանը:
Դատավոր Նապոլեոն Օհանյանին նախորդ նիստի ժամանակ բացարկ էր հայտնել նաեւ տուժող կողմի` Լորետա Բարսեղյանի, ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը` նշելով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել:
«Դուք բավարարել եք պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերադարձել տեսաձայնագրության այն հատվածներին, անդրադարձ կատարել ինչ-որ իրադարձությունների, որոնք ամենեւին առնչություն չունեն այն մեղադրանքի հետ, որն առաջադրվել է մեղադրյալ Արտակ Բուդաղյանին: Ինձ մոտ կասկած է առաջանում, որ կողմնակալ վերաբերմունք եք ցուցաբերում եւ կատարում եք գործողություններ, որոնց իրավունքը չունեք, որովհետեւ խախտում եք քրեական դատավարության օրենսգրքի 309 հոդվածի առաջին մասը. գործի քննությունը կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Այդ իսկ պատճառով ես ձեզ ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում», – նախորդ դատական նիստի ժամանակ ասաց Ռուբեն Սահակյանը:
Սակայն դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց նրա միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ