Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի շենքի տարածքում միմյանց հետ տարածքային վեճ ունեցող «Օրինաց երկիր» կուսակցության եւ Ագրարային համալսարանի ներկայացուցիչները այսօր հանդիպեցին Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ Ագրարային համալսարանը ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո պնդում է, որ իրենց տարածքում ՕԵԿ խմբակցությունը ապօրինաբար օգտագործում է իրեն տրված տարածքից ավելի տարածք:
Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանող կողմի՝ ՕԵԿ-ի փաստաբան Անահիտ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ որպես երրորդ կողմ դատարան հրավիրել Երեւանի քաղաքապետարանին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին եւ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում որպես երրորդ կողմ էին ներկայացել պետական գույքի կառավարման վարչության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները, մինչդեռ կադաստրից ներկայացուցիչ չկար:
Նիստի սկզբում պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը նշեց, որ ծանոթ չեն գործի նյութերին եւ ժամանակ խնդրեց դատավորից դրանց ծանոթանալու համար: Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ պետական գույքի կառավարման վարչությունը ցանկություն է հայտնել գործում ներգրավվել որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ որպես հայցվոր՝ պահանջելով ՕԵԿ կուսակցության վտարումը այդ տարածքից, քանի որ տարածքի ե՛ւ գույքը, ե՛ւ հողը պետական սեփականություն են:
Կարդացեք նաև
Այսօրվա դատական նիստի ընթացքում Ագրարային Համալսարանի ներկայացուցիչ Գնել Մուրնեցյանը դատավորին փաստեր ներկայացրեց, որոնց համաձայն այն վիճահարույց տարածքները, որոնց շուրջ գնում է վեճը, պատկանում են Ագրարային համալսարանին:
Նա ներկայացրեց այն փաստաթուղթը, որ 2008 թվականի նոյեմբերին քաղաքապետարանի որոշմամբ ՕԵԿ-ին հատկացվել էր 262,5 մ տարածք՝ ներառյալ տարածքում ավտոտնակի տակի 67,75 տարածք ունեցող հողամասը եւ Տերյան 74 հասցեի 197 մ հողամասը: Սակայն հայցվորը հայտարարությամբ հանդես եկավ, որ նույնիսկ եթե այդ տարածքը պատկանում է ՕԵԿ-ին, ապա Հատուկ Քննչական Ծառայության որոշման համաձայն ՕԵԿ-ը ապօրինաբար այդ 262,5 տարածքից ավելի տարածք է օգտագործել Տերյան 74 հասցեում:
Նրա պնդմամբ՝ 2012 թվականին, երբ Ագրարային համալսարանը ՊՈԱԿ-ից հիմնադրամի կարգավիճակ ստացավ, այդ ժամանակ տարածքում գտնվող շենք-շինությունների օգտագործման իրավունքը կառավարության որոշման համաձայն կրկին Ագրարային համալսարանին տրվեց:
Հայցվոր կողմին լսելուց հետո՝ դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել, որպեսզի պատասխանող կողմը եւ երրորդ անձ ճանաչված պետական գույքի կառավարման վարչության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները ծանոթանան ներկայացված փաստերին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ