ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «դուխ տվեց» Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, երբ ՀՀԿ-ականները նրան նեղն էին գցել:
Պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում: Գագիկ Ջհանգիրյանը պաշտպանին խորհուրդ տվեց. «Դուք սահմանադրական մարմին եք: Ես ձեր զեկույցն ու ելույթը լսելիս՝ զգացի, որ դուք խեղճացել եք, նեղն եք ընկել, վհատվել եք: Բա այդպես հուսահատված մեր ժողովրդի իրավունքները ո՞նց պիտի պաշտպանեք: Գոնե եթե ձեր ներսում այդ տրամադրությունը կա, որը դուք կամա-ակամա ցուցադրում եք, այստեղ գոնե մի բարձրաձայնեք: Քաղաքական մեծամասնության դիրքորոշումը հասկանում եմ, լավ ինստիտուտ եք, սահմանադրական մարմին եք: Դուք այստեղ հուսահատվել եք, խեղճացել եք: Դուք ինքներդ պիտի պաշտպանեք: Պատգամավորն ի՞նչ պիտի անի, դուք ավելի ուժեղ մանդատ ունեք»:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես հուսահատ մարդու ոչ հոգեվիճակ ունեմ, ոչ էլ արտաքին, ոչ էլ գործելաոճ: Հուսահատ մարդիկ արտագաղթում են, կամ սկսում են ամեն ինչի մեջ սեւը տեսնել, կամ էլ սկսում են ջարդուփշուր անել ամեն մի պետական, ազգային մի բան, որն իրենց պատկերացմամբ նեղացրել է իրենց ու սկսում են հուսահատ դեմքով չարություն տարածել: Ես դրանցից ոչ մեկը չեմ: Այն, որ եկել եմ ԱԺ ու ասում եմ, որ մեր ինստիտուտն էլ կարիք ունի աջակցության, դա նույնիսկ անձնական կարծիք չի: Դա օրենսդրական մեկնաբանություն է այս սահմանադրական մարմնի հնարավորություններին եւ ԱԺ-ի հնարավորություններին: Ինձ տրված չէ կառավարության որեւէ մարմնի որեւէ բան հարկադրելու գործառույթ: Հետեւաբար, մեղադրել թե ինչու դուք դիմում եք ԱԺ-ին, որ օգնի ձեզ, որ օգնեք մարդկանց, դա ոչ միայն օրենքի սխալ ընկալում է, այլեւ ուղղակի անարդար է իմ ինստիտուտի նկատմամբ էլ, իմ նկատմամբ էլ: Հուսահատ մարդիկ այդքան չեն պայքարում, իսկ ես պայքարում եմ դեռ եւ շարունակելու եմ: Ես պայքարելու եմ ի հեճուկս եւ ընդդիմադիր գործիչների գնահատականների, եւ իշխանության ներկայացուցիչների: Ես հասկանում եմ իշխանության, ընդդիմադիրների, այլընտրանքի գնահատականները, ի հեճուկս դրանց, ես պայքարելու եմ: Սա պայքարի ձեւերից մեկն է, եթե մի քիչ անհաջող եմ անում, կամ այնպես չեմ անում, ինչպես կուզեին ՀՀԿ գործիչներից որեւէ մեկը, ես սա անում եմ իմ խղճով՝ հավատալով, որ անում եմ սա հանուն այն աշխատանքի, որ ինձ տրված է այս մարմնի կողմից»:
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ բացարձակ չի մեղադրում պաշտպանին,. «Ընդհակառակը, ուզում էի ձեզ մի քիչ պրովոկացիայի՝ սադրանքի ենթարկել, լավ է, որ եկաք այդ դաշտ: Դուք այսպես պիտի զեկուցեք: Թե չէ ասում եք՝ գլխավոր դատախազը սենց է ասել, այն մեկը՝ նենց է ասել: Չի կարելի պարոն Անդրեասյան: Եթե դուք տեսնում եք, որ Սահմանադրությամբ տրված ձեր լիազորությունները լիարժեք բացահայտված չեն, խնդրեմ, բերեք նախագիծ, մենք էլ օգնենք, անցկացնենք: Բայց գալ այստեղ, բողոքել գործադիրից՝ չի լինի այդպես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ