Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ու Հովհաննես Սահակյանը բուռն արձագանքեցին պաշտպանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազը անձնական հարձակում է գործել իր վրա:
Լսելով Կարեն Անդրեասյանի մի շարք գնահատականներ՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Դուք այդ որակումները տալու սահմանադրական եւ քրեադատավարական իրավունքները չունեք, որովհետեւ քրեադատավարական մարմնի որեւիցե մի հարթության մեջ դուք չեք տեղավորվում: Դուք ընդամենը կարող եք վեր հանել տվյալ խախտված իրավունքը»:
Կարեն Անդրեասյանը չհամաձայնեց ու նետեց. «Պարոն Սահակյան, ձեր պատկերացումները դրանք վերջին ատյանի ճշմարտությունները չեն: Բարի եղեք նաեւ իմանալ, որ ավարտված գործերով օմբուդսմենն իրավունք ունի քրեական գործերում նաեւ որոշակի գնահատական հնչեցնել, ինչը ես արել եմ: Դրանք նաեւ ունենում են գնահատողական բնույթ: Հետեւաբար, երբ ես գնահատական եմ հնչեցնում, դրանք պետք է ունենան որոշակի որակումներ: Նաեւ ընթացիկ գործերով դատավարական դեպքերում ես կարող եմ միջամտել: Դա մեր օրենքի տվյալներն են: Խնդրում եմ նաեւ բարի եղեք ցուցումներ Մարդու իրավունքների պաշտպանին մի տվեք, որովհետեւ գիտեմ, որ իսկապես ոչ մի պետական կառույց չի փորձում ինձ լռեցնել, բայց նաեւ ոչ մի պետական կառույց իրավունք չունի ինձ ցուցումներ տալ: Դա իմ սահմանադրական անկախության երաշխիքն է, խնդրում եմ հարգել այդ երաշխիքը: Ես էլ խորապես հարգում եմ բոլոր պատգամավորների քննադատություններն ու կարծիքը»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պաշտպանին հորդորեց. «Պինդ մնացեք: Առաջին անգամ չէ, որ պաշտպանի նկատմամբ տեղի է ունենում հարձակում, տիկին Լարիսա Ալավերդյանի նկատմամբ էլ է եղել, Արմեն Հարությունյանի նկատմամբ էլ այս դահլիճում եղավ: Այնպես որ, սա ձեր համար նորություն չպետք է լինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ