Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որը հիմնադրվել է 1997թ. ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով, հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարել: Այս առթիվ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կանանց 50 տոկոս զեղչ է առաջարկում՝ եռաչափ թվայնացված մամոգրաֆիկ հետազոտության համար: Ակցիային միացել է նաև «Պոլո ռալֆ լոռեն» խանութ-սրահը, որը նախատեսում է հոկտեմբեր ամսվա ընթացքում «Pink pony» ապրանքանիշի վաճառքի հասույթի 25%-ը փոխանցել առողջության կենտրոնին՝ ֆինանսապես անապահով կանանց կրծքագեղձերն անվճար հետազոտելու համար:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանն այսօր «Պոլո ռալֆ լոռեն» -ում կազմակերպված միջոցառմանը շնորհակալություն հայտնելով խանութ-սրահին համագործակցության համար, ասաց, որ շերտագրման եռաչափ մամոգրաֆիան Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում գործում է 2013թ.-ից, որը ամենայն ստույգությամբ կարողանում է կանխորոշել կրծքագեղձի քաղցկեղը` առաջացման շատ վաղ շրջանում:«Երբ Ամերիկայում Հրանուշ Հակոբյանից ճշտեցի, որ Հայաստանում չկա մամոգրաֆիկ ախտորոշման սարք, որոշեցի Հայաստան բերել մամոգրաֆիկ ախտորոշումը, որ հայ կանանց օգնենք փրկվելու այդ հիվանդությունից»,-ասաց տիկին Պալյանը:
Առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ կենտրոնը տարեկան ունենում է 36000 այցելու: «Այս թիվը խոսում է այն մասին, որ հասարակությունը այսօր բավականին տեղեկացված է և լրջորեն հետևում է իր առողջությանը՝ այն վեր դասելով ամեն ինչից»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղցկեղը բուժելի է, եթե հիվանդը հիվանդության սկզբնական փուլերում է դիմում մասնագետի օգնությանը:
Տիկին Պալյանը ներկաներին պատմեց նաև հայրենիք կատարած առաջին այցի և ստացած տպավորությունների մասին.«1987թ.-ին, երբ եկա Հայաստան, հասկացա, որ առանց հայկական հող ու ջրի, առանց հայկական օդի մենք չենք կարող հայ մնալ: Այստեղ ուրիշ են մարդիկ, երեխաները, փողոցները: Այստեղի արևը շատ անուշ է ՝ զարմանալի լուսավոր ու խաղաղ: Եկեք ստեղծենք այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ չհեռանան այս հրաշք երկրից»,-եզրափակեց նա:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուսանկարները`www.mi.mvr.bg–ից