Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության կողմից շրջանառության մեջ է դրվել «Արմատականությունը՝ Եվրոպայում» թեմայով բանաձևի նախագիծը: Այն, ըստ էության, հակաթուրքական նախաձեռնություն է, որը ստորագրել են Վեհաժողովի երեսունից ավելի պատվիրակներ:
Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում Մերձավոր Արևելքի պատերազմին ու նշվում է, որ վերջին շրջանում իրավիճակը փոխվել է, և այժմ գործ ունենք արմատական իսլամիստների շարժման հետ: Պատվիրակները մտահոգիչ են համարում այն, որ հազարավոր եվրոպացիներ միանում են ահաբեկչական խմբավորումներին և կանգնում այս շարժման կողքին ամենատարբեր պատճառներով, մինչև անգամ ահաբեկիչներին ցուցաբերում են ֆինանսական աջակցություն:
Նախաձեռնության մեջ հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ ահաբեկիչները, եվրոպական քաղաքացիությամբ, անխափան կարող են իրենց գործունեությունը ծավալել Եվրոպայում, քանի որ վայելում են բազմաթիվ եվրոպացիների աջակցությունը:
Բանաձևի նախագծի տակ ստորագրած պատվիրակները նաև իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ ահաբեկիչները կարողանում են անարգել մուտք գործել Սիրիա: Շեշտվում է նաև այն փաստը, որ արմատականները ինտերնետն ու սոցիալական բոլոր հարթակներն օգտագործում են որպես քարոզչության միջոց, և սրա արդյունքում գործ ունենք տեղեկատվական պատերազմի հետ: «Գերմանացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները սոցիալական ցանցերում գրառումներ են կատարում իրենց մայրենի լեզուներով և լեզվական բարդույթը հաղթահարելով՝ իրենց շարժման մեջ ներգրավում աննախադեպ չափերի հասնող հասարակական զանգվածներ»,-ամրագրված է բանաձեւի նախագծում:
Նախաձեռնության եզրափակիչ հատվածում պատվիրակներն ամրագրել են, «թե այլևս չենք կարող ասել, որ այս գործընթացները հեռու են մեզանից, մեր խնդիրը չեն, քանի որ դրանք արդեն տեղի են ունենում Եվրոպայի ներսում և շատ մոտ ապագայում իրավիճակն այլևս անկառավարելի կլինի»:
Կարդացեք նաև
Ուստի Վեհաժողովին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում արմատականների գործունեությունը կասեցնելու և մարդկանց մեջ հանդուրժողականություն և հարգանք սերմանելու համար:
Նախաձեռնության հեղինակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կտա այս նախաձեռնությունը Հայաստանին, Ստրասբուրգից պատասխանեց. «Սա հնարավորություն է ԵԽԽՎ օրակարգում ակտիվ պահել այս հարցը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԽ անդամ որոշ պետություններ պիտի դադարեն աջակցություն ցուցաբերել արմատական իսլամիստներին, իսկ ողջ Եվրոպան էլ սկսի հստակ միջոցներ ձեռնարկել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ