Այս պահին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի ներկայացումն ընթանում է բավականին թեժ մթնոլորտում: Կարեն Անդրեասյանն արդեն քարտուղարությունից մի բաժակ ջուր է խնդրում՝ որպես իր իրավունքների պաշտպանություն՝ խոսել կարողանալու համար:
ՀՀԿ-ականներին զայրացրեց Կարեն Անդրեասյանի մի արտահայտություն: Նա ասաց, որ անցյալ տարի զեկույցը ներկայացնելիս որոշ պատգամավորներ զավեշտի հասնող գնահատականներ են տվել ու օմբուդսմենին են մեղադրել, որ այս կամ այն հարցը լուծված չէ. «2013-ը տխուր տարի է մեր ինստիտուտի համար, որովհետեւ վարկաբեկող որոշումները, խախտումներն են շատացել: Իսկ դրա պատճառը հետեւյալն է՝ երբ որեւէ պետական մարմին, օրինակ՝ դատախազությունը անթույլատրելի, ուղղակի հակաիրավական ձեւով, հակամարդկային ձեւով անձնական հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա, ես ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի գլխավոր դատախազությանը երկու ինստիտուտների լիազորությունների ու հնարավորությունների մասին: Միայն այդ դեպքում, երբ հաջորդ անգամ մենք գրություն կգրենք, նա պատրաստ կլինի ՄԻՊ-ին պատասխանել, այլ ոչ թե փորձել տգեղ քաղաքական տեխնոլոգիաներով իր խնդիրը պարտակել: Մեր պետական մարմինները պետք է դադարեցնեն վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը երկրի ներսում: Այդ ժամանակ մենք կլինենք միջազգային կառույցներում շատ ավելի արդյունավետ»:
Կարեն Անդրեասյանի այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա սկսեց պաշտպանել գլխավոր դատախազին. «Պարոն Անդրեասյան, դուք այսօր ասացիք, որ գլխավոր դատախազն անձնական հարձակում է իրականացնում ձեր նկատմամբ: Ըստ իս, դա զավեշտալի է, որովհետեւ ես նման բան չեմ լսել: Ինձ համարում եմ Հայաստանի քիչ թե շատ հասարակական, քաղաքական կյանքին ծանոթ մարդ, գոնե ընդդիմադիր զանգվածը, եթե լիներ նման բան՝ հրապարակային կասեին»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ իր հերթին հեգնեց ՄԻՊ-ին. «Դուրս եկավ, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք, մինչդեռ դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, դուք պետք է մարդկանց իրավունքները պաշտպանեք: Դուրս է գալիս, որ մենք ձեզ պետք է որոշակի մարմիններից, կառույցներից պաշտպանենք: Մենք ենք ձեզ ընտրել եւ մենք ձեր աշխատանքը պիտի քննադատենք: Դուք ասացիք, որ ոստիկանական բաժիններում արձանագրված բռնության 365 դեպքից 12-ով է քրգործ հարուցվել: Սա դուք բերում եք՝ որպես վիճակագրական տվյալներ եւ ասում եք զավեշտալի թիվ է: Եթե փորձենք տալ այլ գնահատական, ենթադրենք, այդ 200 գործերով հիմքերն ամուր չեն եղել»:
Կարեն Անդրեասյանը նախ պատասխանեց Էդուարդ Շարմազանովին. «Շնորհակալ եմ ձեր հորդորների համար, բայց, կարծում եմ, ձեր՝ գնահատականներ տալու իրավունքը չի բացառում իմ գնահատականներ տալու իրավունքը: Ես էլ իրավունք ունեմ գտնել, որ որոշակի հարցադրում ինձ կարող է թվալ զավեշտալի: Դա իմ իրավունքն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ինչ վերաբերում է նրան,որ գլխավոր դատախազի կողմից դա անձնական հարձակում եմ դիտում, որովհետեւ գլխավոր դատախազի խորհրդականը կամ ներկայացուցիչը, երբ պաշտոնական հայտարարություն է տարածում, որտեղ մեր շատ մասնագիտական խնդրին պատասխանում է, որ օմբուդսմենի ինստիտուտի , պաշտպանի ջղաձիգ, անձնավորված եւ այլ պիտակներով հայտարարությամբ, դա արդեն անձնական հակադարձում է եւ նույնիսկ հարձակում է: Դա ձեւ է՝ ինձ լռեցնելու համար, երբ ես խոսում եմ մարդու իրավունքների մասին: Ես հուսով եմ, որ ԱԺ-ն այո, կպաշտպանի ՄԻՊ-ին, որովհետեւ միակ կառույցը, որին ես հաշվետու եմ եւ պետք է պաշտպանի ինձ՝ դա ԱԺ-ն է: Ես այդպես եմ հասկացել ՀՀ Սահմանադրությունը եւ ՄԻՊ-ի մասին օրենքը: Եթե սխալ եմ հասկացել՝ ժամանակը կուղղի իմ սխալը»:
Կարդացեք նաև
Նա նեղսրտեց, որ ՀՀԿ-ականների համարն իր բոլոր ներկայացրած թվերն անարժանահավատ են. «Եթե 200 դեպքից կա գոնե 5 արժանահավատ թիվ, եկեք դրա մասին խոսենք: Ես երբեք չեմ զլացել, չեմ վախեցել քննադատությունից, դա հաճելի է, բայց լավ կլինի, որ ինձ քննադատելու հետ միասին մեկ-մեկ էլ քննադատեք այն մարմիններին, որոնք ծնում են Մարդու իրավունքների պրոբլեմներ: Ես դրանք չեմ ծնում,ես ընդամենը դրա մասին խոսում եմ»:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, մի քաղաքական հայտարարություն անեմ՝ ՀՀ որեւէ իշխանություն խնդիր չի դրել եւ չի կարող դնել Մարդու իրավունքների պաշտպանին լռեցնելու կամ ահաբեկելու: Սա՝ ի գիտություն ընդունեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ