Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակները Մամեդյարովին քննադատեցին ու հարցախեղդ արեցին. «Ե՞րբ է ձեր նախագահն իր խոստումը կատարելու»

Հոկտեմբեր 02,2014 16:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա խոսեց Ադրբեջանի՝ ԵԽԽՎ նախարարների խորհրդի նախագահության տարվա ընթացքում կատարած և կատարելիք աշխատանքների մասին: Այնուհետև պատասխանեց պատվիրակների հարցերին:

Դրանք հիմնականում քննադատական էին և վերաբերում էին ԼՂ սառեցված հակամարտությանը, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին, բազմաթիվ իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների՝ ազատազրկմանը և այլն:

Ի հակադրություն պատվիրակների քննադատություններին՝ Մամեդյարովը պնդեց, թե իրենց երկրում ինտերնետ տիրույթն ազատ է, ճնշումներ չկան: Պատվիրակներից մեկն էլ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով հարց տալիս այնքան վրդովվեց, որ նիստերի դահլիճում գոչեց. «Ե՞րբ է ձեր նախագահն իր խոստումները կատարելու»:

Պատվիրակներից մեկն էլ հիշեցրեց հուլիսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումների փաստը՝ հարցնելով, իրականում ի՞նչ է տեղի ունեցել և արդյոք տարածաշրջանում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման անհրաժեշտություն կա՞: Մամեդյարովը սառեցված հակամարտություն տերմինը օգտագործելուց հատուկ շեշտեց, որ դա ասում է զուտ որպես ԱԳ նախարար, այլ ոչ թե որպես իր սեփական կարծիք ու հավելեց. «Այսպես կոչված՝ սառեցված հակամարտությունը միայն Ադրբեջանի խնդիրը չէ, այլ ամբողջ տարածաշրջանինը: Անկեղծ ասած՝ այս հարցում որևէ առաջընթաց չեմ տեսնում, և առաջընթաց կարելի է գրանցել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը հանվեն ԼՂ-ից»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ն այս տարի Վացլավ Հավելի մրցանակ շնորհեց ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Անար Մամադլիին: Պատվիրակներից մեկին հետաքրքրեց՝ ինչպե՞ս է Ադրբեջանի ղեկավարությունը վերաբերվում այս որոշմանը և չե՞ն պատրաստվում վերանայել իրենց մոտեցումները քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով: Մամեդյարովը պատասխանեց. «Դա հանձնաժողովի որոշումն է, ի՞նչ կարող եմ ասել: Մենք պետք է հետևենք այս որոշմանը»:

Մամեդյարովը փորձեց ապացուցել, թե Ադրբեջանում կա հանդուրժողականություն, մարդու իրավունքների պաշտպանություն ու ասաց. «Ես կարող եմ բերել իմ օրինակը, երբ բազմիցս մուտք են գործում իմ անձնական կյանք: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է կարծել, որ մեր երկրում չկա հանդուրժողականություն»:

Երբ արդեն հարցուպատասխանն ավարտվեց ու Մամեդյարովը լքում էր նիստերի դահլիճը, ԵԽԽՎ պատվիրակներից մեկը նրա հետևից գոչեց. «Ազատություն քաղբանտարկյալներին», որին միացան քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ, որոնք գտնվում էին նիստերի դահլիճում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031