Այսօր կառավարության շենքի մոտ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները նորից բողոքի ակցիա էին անում. նրանք կառավարությունից պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որը, ճիշտ է 1% -է սահմանված որպես շրջանառության հարկ, սակայն դժգոհողները դեմ են փաստաթղթաշրջանառությանը:
«Ես իմ փոքր տարածքում ապրանք ծախսեմ, ապրանքիս հետեւեմ, թե՞ ընգնեմ իրանց համար թղթեր հավաքեմ, հաշվապահ պահեմ, ո՞ր մեկն անեմ, ո՞ւմից թուղթ վերցնեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առեւտրականների մեկը:
Մեկ այլ առեւտրական էլ նշեց, որ իրենք չեն խուսափում հարկեր վճարելուց, բայց օրենքը շատ բարդություններ է ստեղծում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, արդյոք կհամաձայնվե՞ն նախկին օրենքով աշխատել` 3.5% շրջանառության հարկ, ցուցարարներն ասացին. «Անընդհատ մի բան են հորինում, առաջ էլ հաստատագրված հարկն էր, հետո եսիմ` ինչ: Մինչեւ հարմարվում ենք մի օրենքի, թազա բան են մտածում»:
Բողոքի ակցիայի մասնակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, եթե օրենքը չկասեցվի, կամ իրենց սրտով փոփոխություն չկատարվի, ապա բոլորը հրաժարվելու են հարկ վճարել, կամ բոլորը միասին կասեցնելու են իրենց գործունեությունը:
Նշենք, որ ավելի ուշ ՓՄՁ ներկայացուցիչներից ոմանք հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ներկայացրել իրենց առաջարկները: Վարչապետը խոստացել է 4 օրից արձագանքել նրանց առաջարկներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ