Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաբիթաթ Արմենիան» բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետ լուծումներ է առաջարկում

Հոկտեմբեր 02,2014 14:55

Այսօր ամբողջ Հայաստանում շատ են այնպիսի բազմաբնակարան շենքերը, որոնք, այսպես ասած՝ ծերացող են. սրանց շքամուտքերն առանց պատուհանների են, վերելակները չեն աշխատում, տանիքը մաշված է, աստիճանավանդակներն են քանդված, կամ աղբատար խողովակներն են մաշված: Այս խնդիրները լուծելու համար մշտապես կարելի է լսել նույն պատճառաբանությունը. համատիրությունների ղեկավարները բնակիչներին ասում են՝ փող չկա: Իրականում ցանկության դեպքում փող կգտնվի, եւ բնակիչների ընդհանուր օգտագործման տարածքները հնարավոր է կապիտալ նորոգել, միայն թե բնակիչն էլ պետք է իր մասնակցությունն ունենա: Բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար նախ անհրաժեշտ է ուժեղ եւ վստահելի համատիրություն, բնակիչների վճարումների բարձր մակարդակ եւ այլն:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի հայկական եւ եվրոպական որոշ երկրների փորձագետների մասնակցությամբ երկօրյա համաժողով էր կազմակերպել:

Համաժողովին մասնակցում էին Վիշեգրադ հիմնադրամի հետ համագործակցող մի քանի երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ Ուկրաինայի ոլորտի մասնագետները, որոնք ներկայացրին իրենց երկրների փորձը, թե՝ ինչպես կազմակերպել համատիրությունների կառավարումը՝ քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի իրավիճակը եւ հաշվի է առնվել, թե ներկայացված երկրների փորձից ինչ տարրեր կարելի է կիրառել մեր երկրում:

Կարեւորագույն հարցերից մեկը՝ ինչպե՞ս գումարներ հայթայթել շենքերի վերանորոգման համար. կան երկրներ, որտեղ կառավարությունը որոշակի սուբսիդիա է տրամադրում, կան երկրներ, որտեղ համատիրությունները պետական գրանտներ ստանալու հնարավորություն ունեն, ինչպես նաեւ՝ բանկերից վարկեր վերցնելու՝ իհարկե, բնակիչների համատեղ մարման պայմանով: Հայաստանում առայժմ ընդամենը մեկ բանկ կա, որը վարկ է տրամադրում համատիրությանը, վերջինս վարկը ստանում է բնակիչների տրամադրած երաշխավորագրով, ըստ այդմ՝ բնակիչները ստորագրում են մի փաստաթուղթ, որով պարտավորվում են, ասենք՝ 3 տարի պարտադիր կատարել բնակվճարները: Ընդ որում, վարկային միջոցները կարող են ուղղվել ամենատարբեր խնդիրների լուծմանը: Սակայն «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Կարինե Մայիլյանը մեզ հետ զրույցում ներկայացնելով իրենց ծրագիրը՝ ասաց, որ բանկերին պետք է վստահելի ու վճարունակ համատիրություն, սա ենթադրում է բնակիչների վճարումների գոնե 70% մակարդակ: Հաճախ, ըստ տիկին Մայիլյանի, մեկ շենքի բնակիչներից երաշխավորագրեր ստանալն ու դրան համապատասխան փաստաթղթեր ստանալը մի քանի ամիս են տեւում, բնակիչները դժվարությամբ են հաստատում մի փաստաթուղթ, որտեղ ուղղակի պարտավորվում են ասենք՝ եւս 3 տարի պարտադիր կատարել իրենց վարձավճարները. սրանք շատ մեծ գումարներ էլ չեն: Խնդիրն այն է, ինչպես նշեց տիկին Մայիլյանը, որ բազմաբնակարան շենքի բնակիչներն իրենք շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համատիրությունը վարկ ստանա, եւ եթե 36 ամսով մարելու վարկ է ստացել՝ մոտ 4-5 միլիոն դրամ, այդ շենքում կարելի է շատ աշխատանքներ անել, ու այդ ամիսների ընթացքում քիչ-քիչ մարել վարկը: Իսկ ներկայումս, ինչպես որ բազմաթիվ շենքերի դեպքում է, հավաքված վարձավճարներով հնարավոր չէ լուրջ գործեր անել, լավագույն դեպքում շքամուտքն է ներկվում կամ մեկ դուռ տեղադրվում:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի փորձագետ Իրինա Վանյանը, որը համագործակցում է «Հաբիթաթի» հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ նախ՝ պետք է համատիրություն-բնակիչ փոխադարձ վստահություն ձեւավորվի՝ հատկապես կապված վճարումների հետ. այսօր այդ վստահությունը չկա: Տիկին Վանյանն ասաց, որ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքը լավն է, օրինակ՝ բնակիչը պետք է համատիրությունից հաշվետվություն պահանջի, թե իր վճարած գումարներն ինչպես են ծախսվել: Սակայն այսօր սահմանված բնակվարձի 1 քառակուսի մետրի գումարը քիչ է, նույնիսկ անհայտ է, թե ինչպես եւ ովքեր են այդ չափը սահմանել: Օրենքն ասում է, որ ցանկացած որոշում ընդունվում է բնակիչների հետ համատեղ ժողովում, որը, կարելի է ասել, գրեթե բոլոր համատիրությունների դեպքերում ոչ էլ լինում է: Փորձագետն ասաց, որ այդ նույն ժողովներում բնակիչները նաեւ պետք է իրենց հավաքվող գումարի չափը քննարկեն, եւ այդ գումարները ենթակա են փոփոխման, ասենք՝ հավաքվեն եւ որոշեն, որ այս տարի իրենց տանիքն են վերանորոգելու, ինչի համար ամսական բնակվարձի գումարը պետք է մի փոքր ավելացնեն:

Ինչպե՞ս շահագրգռել բնակչին ներդրում կատարել իր շենքի ընդհանուր օգտագործման տարածքի համար: Էներգաարդյունավետության եւ բնակարանային ոլորտի փորձագետ, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի (ԷԱՀ) տնօրեն Աստղինե Փասոյանն ասաց, որ «Հաբիթաթն» արդեն ստեղծել է նման նախադեպ, որը կիրառվել է Վանաձորի եւ Երեւանի մի քանի շենքերում էներգախնայողության ծրագրում: Մասնագետի ներկայացմամբ՝ այն համատիրությունները, որոնք «Հաբիթաթի» հետ հուշագիր են ստորագրել եւ բանկից վարկ են ստացել, քաղաքապետարանն աջակցել է, սուբսիդավորել է վարկը եւ բնակչի վրա մեծ ծախսեր չեն եղել, սակայն այս դեպքերում էլ բնակիչները պարտավորվում են կանոնավոր վճարումներ կատարել: Մեծածավալ աշխատանքների համար համատիրությունները մեծ գումարների կարիք ունեն, բայց նաեւ, ինչպես ասաց փորձագետը, համատիրության ղեկավարներն էլ պետք է բնակիչների վստահությունը ձեռք բերեն իրենց լավ աշխատանքով, եւ երբ բնակիչը նկատի, որ այդ ղեկավարը խնդիրներ է լուծում, վճարումների հավաքագրումն էլ կբարձրանա:

«Շատ կարեւոր է պետության դերը, քանի որ այն երկրներում, որտեղ հաջողություն է գրանցվել, պետությունը մասնակցություն է ունեցել, համաֆինանսավորում է եղել: Առայժմ մեր բնակիչները պատրաստ չեն 100%-անոց վարկին, այսինքն՝ վարկն ամբողջությամբ իրենք մարեն՝ բազմաբնակարան շենքերում գործեր անել ու վարկային տոկոսներ վճարել, մեր երկրում փողը դեռ շատ թանկ է: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին»,- ասաց փորձագետը: Տիկին Փասոյանը նշեց, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունների կարիք կա: «Համատիրությունների մասին» օրենքը լավն է, բայց որոշ դեպքերում 1 քառակուսի մետրի համար սահմանված 10 դրամը թյուրիմացություն է, սա չնչին գումար է, բացի այս՝ կառավարման եւ սպասարկման վարձերը պետք է տարանջատվեն: Փորձագետը նկատեց, որ պետք է մտածել նաեւ եվրոպական փորձը մեզ մոտ կիրառելու ուղղությամբ, օրինակ՝ ստեղծել կուտակային ֆոնդեր, այսպես ասած՝ «սեւ օրերի» համար. այսինքն՝ եթե հանկարծ մի օր խողովակ պայթեց, եւ հավաքագրված գումարը բավական չէ, ապա այդ ֆոնդից օգտվել:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Կարինե Մայիլյանը նշեց, որ հիմնադրամի առաջին ուղղությունը միկրոֆինանսական ծառայությունների իրականացումն է վարկային կազմակերպությունների միջոցով: Այսինքն՝ օգտագործելով վարկային կազմակերպությունների տարածվածությունը՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար վարկեր են ներգրավում եւ ուղղում բնակարանային պայմանների բարելավմանը: Վարկային այս ծրագիրը հատուկ մշակվել է հենց ցածր եկամուտներով ընտանիքների համար, եւ այս մատչելի վարկերի մարումն այդ ընտանիքների եկամուտների 30-40%-ը չի գերազանցում: Շնորհիվ հիմնադրամի այս ծրագրի՝ շատ ընտանիքներ կարողացել են վերանորոգել բնակարանները, շատ գյուղական վայրերում մարդիկ խոհանոց, սանհանգույց չունեին, կամ դրսում էր գտնվում սանհանգույցը: Հիմնադրամի աջակցությամբ նման ընտանիքները մատչելի վարկ են ստացել ու խոհանոց, սանհանգույց են կառուցել, պատուհաններ փոխել կամ մեկ այլ շինաշխատանք կատարել:

Հիմնադրամի մյուս ծրագիրը բազմաբնակարան շենքերի վերանորոգմանն է ուղղված: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերում էներգախնայողության համակարգ ներդնել. սա բավականին ձեռնտու է բնակիչների համար, հատկապես էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացումից հետո բնակիչները կարող են բավականին գումարներ խնայել: Սակայն շենքերը էներգախնայող դարձնելու համար համատիրությունն անհրաժեշտ ծավալի գումար չունի, բնակիչները պետք է հավելյալ մասնակցություն ունենան: Իսկ հավելյալ վճարումն իրականում բնակչի գրպանին շատ չի «խփելու». այդ հավելավճարները բնակիչները կատարելու են էներգախնայողության ծրագրի արդյունքում ստեղծված տնտեսումներից:

Տիկին Մայիլյանի ներկայացմամբ՝ եթե շենքի միայն շքամուտքում է ջերմամեկուսացում կատարվում ո պատուհաններ տեղադրվում, իհարկե, սա եւս էներգախնայողություն է, բայց արդյունավետությունն ավելի բարձր կլինի, եթե բնակիչները նաեւ շենքերի արտաքին պատերը ջերմամեկուսացնեն: Սրա արդյունքում, տիկին Մայիլյանի տվյալներով՝ էներգախնայողությունը հասնում է 40-50%-ի, այսինքն՝ յուրաքանչյուր բնակարան ամսական 15-20 հազար դրամ գումար է խնայելու, եւ փոխանակ այդ 15-20 հազար դրամները գազի կամ էլեկտրաէներգիայի վարձ վճարեն, ավելի շահավետ կլինի բնակիչներն այն ուղղեն վարկին, որը կարող են ստանալ համատիրության միջոցով, ու շենքը ջերմամեկուսացնեն: Ընդ որում, վարկի մարումը 4-5 տարի է տեւելու, իսկ գազի եւ հոսանքի համար ավելի վճարումները դժվար թե 4-5 տարով լինեն:

Որպեսզի արդյունավետ լինեն բնակիչ-համատիրություն հարաբերությունները, բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգն ուժեղացվի, բնակիչն իր վճարի տերը լինի, համատիրությունը՝ իր կատարած աշխատանքի հաշվետուն, օրենսդրական դաշտում որոշ թերություններ են հարկավոր շտկել: Տիկին Մայիլյանի վստահեցմամբ՝ երկօրյա համաժողովի ընթացքում ներկայացված միջազգային փորձից որոշ տարրեր հնարավոր է՝ ներմուծվեն հայաստանյան համակարգ. «Մենք սկսելու ենք աշխատել առաջարկների փաթեթի վրա, օրենսդրական փոփոխությունների մշակված փաթեթը կուղարկենք շահագրգիռ կողմերին՝ նախնական դիտարկման համար: Ապա կաշխատենք համատիրությունների, քաղաքապետարանների, քաղաքաշինության նախարարության հետ, նրանց հետ կքննարկենք, վերջնական դիտողություններ կստանանք եւ երեւի գարնանը ամբողջական փաթեթը կներկայացնենք համապատասխան մարմիններին, որպեսզի այն կյանքի կոչվի»:

Նշենք, որ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է Համատիրությունների կառավարմանը քաղաքացիական ներգրավվածության ամրապնդումը Հայաստանում ծրագիրը՝ բարելավելու օրենսդրական եւ քաղաքական միջավայրը Հայաստանում համատիրությունների արդյունավետ կառավարումը իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» համագործակցում է Վիշեգրադի երկրներում եւ Ուկրաինայում գործող վեց կազմակերպությունների հետ: Տարածաշրջանային համաժողովը կազմակերպվել էր այդ ծրագրի շրջանակներում։ Տարածաշրջանային համաժողովի օրակարգում էր՝ ձեւավորել գիտելիքի վրա հիմնված քաղաքացիական հարթակ՝ հիմնվելով Վիշեգրադի երկրների եւ Ուկրաինայի փորձի վրա, եւ հանդես գալ Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ օրենսդրական եւ քաղաքականության բարելավման առաջարկություններով:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031