«Ես աջակցում եմ Արցախում նոր կուսակցության ստեղծման գործընթացին»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին Արցախում ձեւավորվել է նախաձեռնող խումբը, որը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ հիմնադրել «Խաղաղության եւ զարգացման» կուսակցություն. «Դա, ըստ նախաձեռնողների՝ պետք է լինի նոր քաղաքական ուժ՝ սոցիալ լիբերալիզմի գաղափարախոսության հիմքի վրա կառուցված»:
Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ ամեն կերպ աջակցում է այդ կուսակցությանը, եւ համարում է, որ այդ նախաձեռնությունը պետք է նաեւ ունենա իր շարունակությունը Հայաստանում. «Ենթադրում եմ, որ Հայաստանում էլ պետք է նմանատիպ կուսակցություն հիմնադրվի, անձամբ մասնակցելու եմ այդ կուսակցության հիմնադրման գործընթացին: Կարծում եմ, որ հետագայում ձեւավորվելու է Արցախի եւ Հայաստանի այդ կուսակցությունների ալյանս, որը հնարավորություն կտա ունենալ Հայաստանի եւ Արցախի քաղաքական դաշտում նոր տեսակի քաղաքական ուժ, որը միասնական է գործում թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ