Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրայինը նայում են միայն այն ժամանակ, երբ նայելու այլ բան չունեն». Արամ Մանուկյան

Հոկտեմբեր 02,2014 14:31

«Ես, որպես ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ, Հ1-ում եթեր չեմ ունեցել: Մեր խմբակցությունից ոչ մեկը ձեր հաղորդումներին չի մասնակցել: Ուրիշ հեռուստաընկերություններում ունեցել եմ 2 անգամ, 4-5 անգամ, խոսքը ուղիղ եթերների մասին է»,- այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում այսպիսի բողոք ներկայացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա ասաց, որ Հանրային հեռուստատեսության վարկանիշը 3-րդն է հեռուստատեսությունների մեջ. «Դուք պարտավոր էլ չեք անընդհատ սերիալներ ցույց տալ, որոնք ռեյտինգ են բերում: Բայց բոլոր դեպքերում ստացվում է, որ պետությունը ձեզ տալիս է 3.6 մլրդ դրամ գումար հարկատուների հաշվին: Մեր պատգամավորներից յուրաքանչյուրը ամսական 150 հազար դրամ մուծում է պետբյուջե՝ որպես եկամտահարկ, ու այդ բյուջեից կազմվում է Հանրայինի ծախսը: Կարծում եմ, այսքան հարկատուներիս հաշվին սնվող հիմնարկն ամենառեյտինգայինը չի: Այս հարցի պատասխանն է պետք տալ: Այն ֆունկցիաները, որոնք ամրագրված են ձեր փաստաթղթում, չեն կատարվում: Օրինակ, կարդամ ձեր ֆունկցիաներից երկուսը՝ 2013-ի հիմնական կարգավորման խնդիրները եղել են քաղաքական հրատապ խնդիրների, հաղորդումների կազմակերպումը, անմիջական կապը լսարանի հետ, ինչպես նաեւ՝ պատրաստել հանրության քաղաքական, տնտեսական կյանքի հրատապ խնդիրներին նվիրված հաղորդումներ, որոնք ապահովում են կապը լսարանի հետ, որտեղ լուսաբանվում են հասարակությունում առկա բոլոր հրատապ խնդիրները: Սա է ձեր առաքելությունը: Յուրաքանչյուր հեռուստատեսություն կարող է բիզնես ծրագրի իր խնդիրը դնել:

Եվրոպայում հեռուստատեսություն կա, որ 24 ժամ ակվարիում է ցույց տալիս, կամ 24 ժամ ձկնորսություն, որսորդություն: Հանրայինի ֆունկցիան այն է՝ հանրության, հասարակության մեջ առկա խնդիրների՝ այդ պահին օպերատիվ արձագանքումը: Իսկ դուք այդ առաքելությունը չեք անում: Հանրապետությունը եռում է, թոշակների հետ կապված ցույցեր է անում, ձեզ համար կարծես եղած -չեղած մեկ է: Դուք միայն շարունակում եք կառավարության տված այն ռեկլամները, որ սա շատ լավ բան է, եկեք մտեք, ապահոված է, երաշխավորված է եւ այլն: Եթե դուք միակողմանի պետք է ներկայացնեք իշխանության մատուցածը, դրա համար էլ ռեյտինգ չեք ունենալու: Հանրայինը նայում են միայն այն ժամանակ, երբ նայելու այլ բան չունեն»:

Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք ամսի 25-ից սկսած՝ հանրահավաքներ են անում. «Դուք ներկայացնո՞ւմ եք հանրահավաքները, մեր ներկայացրած խնդիրները, չէ՞ որ դա հասարակության մի մասն է: Հանրապետության 80 տոկոսը դեմ է կենսաթոշակայինին, բայց այդ 80 տոկոսի կարծիքը Հանրայինում տեղ չգտավ: Այն դեպքում, երբ Հանրայինի սուրբ առաքելությունը հանրության բոլոր քաղաքական շերտերի ներկայացումն է: 3 օր է՝ Երեւանում եւ Գյումրիում ամենուրեք «Շրջանառության հարկի» մասին քննարկումներ են: Մարդիկ ըմբոստանում են: Չլսե՞լ նրանց, չարձագանքե՞լ: Ես խոսում եմ ընդամենը այլակարծությանը տեղ հատկացնելու մասին: Ձեր մոտ սա կաղում է, չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031