«Իշխանափոխության կոչեր կհնչեն»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվող ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, հայտարարեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքերով՝ հանրահավաքը կստեղծի մի իրավիճակ, որը հետագայում կունենա զարգացումներ, եւ որի արդյունքում սոցիալական ակտիվությունը կբարձրանա: Նա դժվարացավ ասել, թե լայն սոցիալական շերտեր կմիանան եռյակին, բայց այնուամենայնիվ նա ակնհայտ է համարում, որ այդ միջոցառումն իր արձագանքն ունենալու է հասարակության մեջ:
Անդրիաս Ղուկասյանը խոստովանեց, որ մասնակցելու է հանրահավաքին, բայց ելույթ չի պատրաստվում ունենալ, քանի որ ուսումնասիրել է եռյակի մարզերում կատարած հանրահավաքները եւ համարում է, որ այն թեզը, որի շուրջ եռյակը կոչ է անում մարդկանց համախմբվել, դեռ պարզ չէ. «Ես համարում եմ, որ այդ թեզը պետք է մատուցվի հոկտեմբերի 10-ին, որից հետո բոլոր քաղաքական ուժերին պարզ կլինի, թե ինչպե՞ս համագործակցել, թե՞ ընդհանրապես չհամագործակցել այդ ձեւաչափի հետ»:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին խնդիրներին՝ պարոն Ղուկասյանը նշեց, որ ըստ նրա՝ միջազգային հարաբերություններում ամենամեծ խնդիրը ԵԱՀԿ-ի փլուզումն է. «Փաստ է, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ի վիճակի չէ սպասարկել այն քաղաքական խնդիրները, որոնց համար ստեղծվել է:
Կարդացեք նաև
Հայաստանի համար դա ունի կարեւորագույն նշանակություն, որովհետեւ 1992 թվականից գործում է ձեւաչափ ԵԱՀԿ հովանու ներքո՝ Մինսկի ձեւաչափն է, որի նպատակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ բնականաբար սա այն կարեւորագույն խնդիրն է, որը որ արտաքին հարաբերությունների ոլորտում վերաբերում է Հայաստանին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ