Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ 2015թ. վերջը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ չեն լինի

Հոկտեմբեր 02,2014 14:22

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոստանում է՝ մինչեւ 2015թ. վերջը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ չեն լինի: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում Նարեկ Սարգսյանն ասաց, որ ներկայումս Գյումրիում երկրաշարժից տուժած 450 ընտանիք կա:

Կառավարության նիստին այսօր Շիրակի մարզպետարանին պետբյուջեից հատկացվեց 1,5 մլրդ դրամ՝ աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար:

Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ՝ այդ գումարն ուղղվելու է երկրաշարժից տուժած ընտանիքների համար բնակարանների գնման վկայագրերի հատկացմանը: Այսինքն՝ որեւէ քաղաքացու առձեռն գումար չի տրվելու, այլ բնակարանի գնման գործարքից հետո մարզպետարանը գումարը կփոխանցի վաճառողին: Այսպիսով, Գյումրիում երկրաշարժից տուժածների համար նոր բնակարաններ չեն կառուցվի:
Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ «Այս տարի 215 ընտանիքի կհատկացվեն այդ վկայագրերը, իսկ մնացածներին՝ եկող տարի, եւ մինչեւ 2015-ի ավարտը Գյումրիում կլուծվեն երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրները»:
Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, ըստ հաշվարկների՝ հաշվի է առնվել Գյումրիում բնակարանների շուկայական արժեքը՝ 1 քմ-ն 109 հազար դրամ:

Քաղաքաշինության նախարարի խոսքերով՝ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների համար 130 բնակարան է կառուցվում Ախուրյանում, Լոռու մարզում՝ 250: «Ունենք իրատեսական ծրագիր, վերջին ամիսներին բոլոր այն պրոբլեմները, որ եղել են, բայց լուծում չեն ստացել, մեր քաղաքականությունն այնպիսին է, որ դրանք պետք է լուծվեն եւ մենք պետք է հստակ պատասխան տանք»,- ասաց Ն. Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում խոստացել էր, որ 2013թ. աղետի գոտու բնակիչների խնդիրները կլուծվեն, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Լուրջ միջոցներ են տրամադրվել այդ խնդիրները լուծելու համար: Հիմա մենք ամբողջ ծրագիրը նախապատրաստել ենք: Պետք չէ մեզ դրա համար մեղադրել, մենք բոլոր հնարավոր ֆինանսական ռեսուրսները քննարկել ենք, բազմաթիվ քննարկումներ ենք արել վարչապետի մոտ եւ այսօր ունենք հստակ ծրագիր: Ընդհանրապես, աղետի գոտու խնդիրներն առաջիկա 2 տարիների ընթացքում կավարտենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031