Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Եվրասիական տնտեսական միությունը պարզապես Սերժ Սարգսյանի փրկության ծրագիրն է»

Հոկտեմբեր 02,2014 14:15

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին մաքսակետ տեղադրելուն, նշեց, որ ենթադրում է՝ Արցախից Հայաստան մտնող քաղաքացիները ստիպված կլինեն ստանալ վիզա եւ խնդիրներ կունենան անձնագրերի հետ:

«Այդ սահմանով անցնող ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված մաքսերը, ինչը կստեղծի իրավիճակի փոփոխություն, դա լիովին անծանոթ իրավիճակ է լինելու բոլորիս համար»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ զենքի, սպառազինությունների եւ զինված ուժերի շարժը ֆիքսվելու է Մաքսային միության մարմիններում. «Բնականաբար, այստեղ ռազմական տեսակետից գաղտնիք չի կարող հայկական կողմը պահպանել այդ ոլորտում, որովհետեւ այդ սպառազինությունների եւ զինվորականների շարժը հայտնի կդառնա առնվազն Ղազախստանին, Ռուսաստանին եւ Բելառուսին: Թե նման իրավիճակում գաղտնիություն պահպանելն ինչպես են պատկերացնում Հայաստանի իշխանությունները, ես չգիտեմ: Դա նույնն է, ինչ թափանցիկ, հրապարակային անվտանգության համակարգ մատուցել Ադրբեջանին, զեկուցել իրեն բոլոր ռազմական սպառազինությունների եւ այլ գործողությունների մասին»:

Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չի համապատասխանում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ միության մյուս անդամների շահերին: Նրա կարծիքով՝ միությունը ընդամենը քաղաքական նախագիծ է Սերժ Սարգսյանին փրկելու համար. «Բացի Սերժ Սարգսյանից, որեւէ մեկին այդ նախագիծը որեւէ բան չի բերում: Դա չի բերում որեւէ բան Պուտինին, որովհետեւ մեկ օրվա մեդիայի տեղեկություն է, որ տեսեք՝Հայաստանը միացավ Մաքսային միությանը, հետո ի՞նչ: Հայաստանը տնտեսական առումով Մաքսային միությունում օգտակար լինել չի կարող»:
Նա հավելեց, որ պարզ ճշմարտություն է, որ ոչ ոք չի ստիպել Հայաստանին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, այլ դա պարզապես Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի փրկության ծրագիրն է. «2013 թվականի ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հանդիսանում են տապալում, այդ տապալումից հետո, նա միակ ճանապարհը, որ տեսել է իշխանության մոտ մնալու համար, դա Եվրասիական միության հետ այս գործընթացը ձեւակերպելով՝ ինչ-որ մի կարեւորություն ձեռք բերել թե՛ Ռուսաստանի համար, թե՛ Եվրամիության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031