«Շատ պարզ բան՝ բոլորս դժգոհում ենք առողջապահության համակարգից, որոշակի դրսեւորումներից: Մեր բժիշկները շատ պրոֆեսիոնալ են, բայց համակարգը թույլ է:
Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Ի՞նչն է դրա պատճառը: Արդեն երրորդ տարին է՝ գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից: Որեւէ մեկը չի ուզում մեզ լսի, երեւի քաղաքական օրակարգում շատ աննշան հարց է թվում, բայց կորսված կյանքերի տեսանկյունից լուրջ կանխարգելիչ դեր կունենա»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՄԻՊ-ի 2013-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս այսպես բարձրացրեց տարբեր համակարգերում առկա խնդիրները:
Նա առողջապահական համակարգի մեկ այլ խնդիր էլ բարձրացրեց. «Ցրված սկլերոզով մարդիկ կան մեր երկրում, որոնք շատ չեն: Պետբյուջեն չի պայթի, եթե այդ մարդկանց տրվի անվճար դեղորայք կամ բժշկական օգնություն: Ընդամենը պետք է կատարվի կառավարության որոշման մի կետի փոփոխություն: Ձեր պահանջով դա շատ արագ կարող է կատարվել»:
Կարեն Անդրեասյանը խոսեց նաեւ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների մասին. «Նույնիսկ արդեն մեր եկեղեցին է մտահոգված: Վեհափառը վերջերս է մասնակցել համանման մի խնդրի, երբ պտղի սեռով ընդհատվում են երեխաների կյանքեր: Այս երեւույթի վերաբերյալ մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, հասարակական սեկտորն է խոսում, բայց մինչ օրս օրենսդրական բաց կա: Պետք է մի օրենք ընդունել, իրավական կարգավորում տալ, որով այդ հարցը կլուծվի եւ մեր աղջիկ երեխաները ի սկզբանե չեն մորթվի բժիշկների կողմից, որոնք թույլ են տալիս նման երեւույթներն ի կատար ածվեն»:
Կարդացեք նաև
Օմբուդսմենն անդրադարձավ նաեւ տրանսպորտի խնդիրներին, հատկապես՝ միջքաղաքային տրանսպորտի գերբեռնվածությանն ու մաշվածությանը, խոսեց ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու մասին. «ԿԳ-ին որերորդ տարին է՝ գրում ենք, որ պետք է ՈՒԽ-ն ապաքաղաքականացնել: Կոնկրետ առաջարկ ենք անում՝ համապատասխան կանոնադրություններում պետք է համապատասխան փոփոխություն: Դժվար լուծելի խնդիր չի, բայց պահանջում է քաղաքական կամք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ