Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ պատգամավորներին. «Պահանջեք գլխավոր դատախազից, որ փոխեն իրենց այդ արատավոր պրակտիկան»

Հոկտեմբեր 02,2014 14:06

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրեց 2013-ի տարեկան զեկույցը, որն այս անգամ կազմված է 500 էջից: ՄԻՊ-ը նշեց, որ ինքը 200-ից ավելի խնդիրներից ընտրել է կոնկրետ խնդիրներ ու ուզում է, որ պատգամավորներն իրեն աջակցեն՝ այդ խնդիրները լուծելու համար:

Առաջին խնդիրը, որ նշեց օմբուդսմենը՝ վերաբերում է խոշտանգումներին՝ ոստիկանական բաժիններում. «Ոստիկանապետի հետ որոշակի աշխատանքի շնորհիվ կարող եմ փաստել, որ բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել, որ այնտեղ ծեծում են մարդկանց, բռնություն են գործադրում, զարմանալի թիվ է, թե ինչքանով է գործ հարուցվել կամ գործը գնացել առաջ՝ ընդամենը 12: Մաթեմատիկական հաշվարկն էլ կարող է ցույց տալ, թե ինչ զավեշտալի թիվ է: Սա ցանկություն չի ոստիկաններին ու դատախազներին քննադատելու: Բայց եթե ինչքան ծեծել են, այնքան պատժվեն՝ դա կանխարգելիչ դեր կունենա: Վստահ եմ, որ առանձին մարմինների առանձին ղեկավարներ իսկապես մտահոգված են, որ այս խնդիրը լուծեն»:

Կարեն Անդրեասյանն առաջարկում է տեսախցիկներ եւ տեսաձայնագրող սարքեր տեղադրել ոստիկանական բաժիններում: Օմբուդսմենը նշեց, որ ի պատասխան իր այդ առաջարկի՝ տեղադրվել են տեսախցիկներ բաժիններում, որոնք օնլայն ռեժիմով ցույց են տալիս ընդամենը անցուդարձը. «Իսկ այն խցերում, որտեղ կարող են ապտակել կամ ծեծել՝ չկա ձայնագրող սարքը կամ տեսախցիկը, որը կարող է օգնի, որ մարդիկ իրենց ավելի պաշտպանված զգան»:

Կարեն Անդրեասյանը մեկ այլ խնդիր արծարծեց՝ դատախազության հետ կապված. «Հիմնականում դատախազությունը պահանջում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց: Անընդհատ խոսվում է, որ կլինի օրենսդրական փոփոխություն, նոր գործիքակազմ»:
Ըստ ՄԻՊ-ի, եթե այս խնդիրը լուծվի, անիմաստ կալանավորված մարդիկ չեն լինի եւ կալանավայրերի գերբնակեցման հարցը կլուծվի. «Կա մի համատարած երեւույթ՝ կասկածյալին քննությանը ներգրավում են նախ որպես վկա, ինչ իրենց պետք է քաշում են, եւ հետո փոխում են նրա քրեադատավարական կարգավիճակը: ԱԺ-ին խնդրում եմ, որ պահանջի գլխավոր դատախազից փոխեն իրենց այդ արատավոր պրակտիկան»:
Օմբուդսմենը խոսեց ոստիկանության մեկ այլ խնդրի վերաբերյալ էլ, որը լուծելու համար հավելյալ գումարներ չի պահանջում. «Ցույցերի ժամանակ 2013-ին ասել ենք, թե որտեղ են անհամաչափ ուժ կիրառում: Բայց կա մեկ այլ խնդիր՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք շրջում են ցույցերի, երթերի ժամանակ: Պետք է մեր պահանջը լինի ե՛ւ իշխանական, ե՛ւ ոչ իշխանական թեւերից, որ սա վերանա: 204 խնդիրները, որ մենք ենք բարձրացնում, դրանցից 150-160-ը քաղաքական չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031