ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Արթուր Սուքիասյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունն ավարտվեց:
Մեղադրանքի կողմը ժամը 12.20-ից սկսեց մեղադրական ճառը, նրանց մեղադրելով կազմակերպված խմբում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մեղադրական ճառը մեղադրական եզրակացության կրկնությունն էր՝ կոպիտ վրիպումներով: Այն տպավորությունն է, թե մեղադրանքի կողմը չի մասնակցել դատաքննությանը:
Մեղադրական ճառում մեղադրողները նշեցին, որ Արմեն Խաչատրյանը, Համլետ Մարտիրոսյանը եւ Հրանուշ Դանիելյանը դատարանում ցուցմունք չեն տվել, այդ իսկ պատճառով հրապարակվել են նախաքննական ցուցմունքները, մինչդեռ դատարանում 13 ամբաստանյալներից նրանք են հենց տվել ցուցմունքներ, իհարկե չընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը: Մեղադրական ճառը դեռ չի ավարտվել, հայտարարվել է ընդմիջում: Մեղադրական կողմը հաստատված է համարում Խաչիկյանի եւ նրա խմբի կողմից 267 մլն 266 հազար 819 դրամի հափշտակությունը, ինչպես նաեւ Խաչիկյանի կողմից 29 մլն դրամի հափշտակումը կենսաթոշակառուների եւ հանգուցյալների դեպոնացված գումարներից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ