Լրահոս
Օրվա լրահոսը

Բիենալեի արտերկրի հյուրերին «սիրահարեցնելու» են մեր երկրին

Հոկտեմբեր 02,2014 13:05

«Մենք գիտենք, որ մեր ապրանքը օրեցօր դառնում է որակյալ, բայց պիտի այն ունենա համապատասխան զգեստ, որպեսզի ներկայանալի լինի, այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս կարելու այդ զգեստը»,-այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 16-ից 18-ը մեր երկրում տեղի կունենա Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալե, որի նպատակն է աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջեւ կապ հաստատել, փորձի ու գիտելիքների փոխանակում անել: Միջոցառումից հետո աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մարքեթինգի, բրենդի, դիզայնի միջազգային կարգի մասնագետները կայցելեն Արցախ:
Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, այս բիենալեն նվիրված է Արցախին: Լեռնային Ղարաբաղում շրջելուց, պատմական վայրերին, արցախցիներին ու նրանց ավանդույթներին, կենցաղին ծանոթանալուց հետո համատեղ ուժերով կծնվի Արցախի` որպես պետության բրենդը. «Ամբողջ աշխարհում այդպես է, բրենդը փոխկապակցված է լինում երկրի հետ, երբ ասում ենք «Մերսեդես», միանգամից հասկանում ենք Գերմանիա, գերմանական որակ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բիենալեիի բացումը կլինի Հանրային ռադիոյի շենքում: Ըստ Արմեն Մարտիրոսյանի. «Նպատակն այն է, որպեսզի նոր տուրիստական օջախ լինի Հայաստանում, քանի որ հայկական ռադիոյի անեկդոտները ճանաչված են աշխարհով մեկ, մենք ուզում ենք Հայաստանն ունենա եւս մի տուրիստական վայր»:
Բիենալեի նախագահն ասում է, որ այսպիսի միջոցառումներից հետո ամեն ջանք գործադրում են, որ դրսից եկած հյուրերին «սիրահարեցնեն» մեր երկրին. «Նրանք իրենց երկրներում շատ ազդեցիկ մարդիկ են եւ մենք փորձում ենք նրանց հնարավորությունները ի շահ օգտագործել Հայաստանի, արդեն երեք ընտանիք է ծնվել մեր միջոցառումների ընթացքում, հայկական ընկերությունները պատվերներ ունեն դրսից, ինչը արտագաղթը կանգնեցնելու եւս մեկ հնարավորություն է: Մենք ուզում ենք, որ Հայաստանը մարքեթինգի, բրենդի, դիզայնի ոլորում լինի առաջատար, փորձում ենք ցույց տալ մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերը»:

Միջոցառման կազմակերպիչներն այս անգամ ծրագրել են, որ Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Իրանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից Ղազախստանից, Վրաստանից, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանից ժամանած հյուրերը շրջելու են Հայաստանով, իրենց ձեռքով տոլմա ու խորոված են պատրաստելու, խաղող են ճզմելու:
Բիենալեի հիմնական անվանակարգերն են` հեռուստատեսային եւ տեսագովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, Ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ:

Այս միջոցառման շրջանակներում հայաստանցի մասնագետները նաեւ վարպետաց դասեր կառնեն միջազգային կարգի մասնագետներից:

«Այփի մարքեթինք» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի խոսքերով, Հայաստանում կրթական դաշտը բաց է եւ կրթական մակարդակը ցածր է, եւ հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները, նույնպես, գտնում են, որ կարիք ունեն դրսի մասնագետների փորձին ծանոթանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու:
Ասուլիսին ներկա «Բեքբոն բրենդինգ» ընկերության ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանն էլ ասաց, որ ընկույզի կեղեւն ընտրել են որպես քարտեզ, քանի որ նման է ռելիեֆի, իսկ քարտեզի գաղափարը` ճանապարհներն են, այսինքն` բոլոր ճանապարհները բերում են դեպի Երեւան, դեպի բիենալե:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ ,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031