Սեպտեմբերին բացվեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 79-րդ թատերաշրջանը: Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կատակում է. «Հուսով եմ թատրոնը զառամյալի տպավորություն չի թողնում»:
Վերջին 15 տարիներին Տիկնիկայինը 45 միջազգային փառատոների է մասնակցել: Այս օրերին թատրոնում տեղի է ունենում «Հայֆեստ» փառատոնը, որին տիկնիկային թատրոնը կմասնակցի երեք ներկայացումներով:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում պարոն Բաբայանը նշեց, որ մոտենում են նոր տարվա օրերը, ու թատրոնն ուզում է մի քիչ փոխել ներկայացումների մատուցման ավանդական ձեւը, դրա համար Սամսոն Մովսիսյանին բեմադրություն է հանձնարարված: Թատրոնը մի քանի հարթակով է ներկայանալու: Ի թիվս այլ ներկայացումների, հանդիսականը կվայելի նաեւ Անդերսենի «Մատնաչափիկը»՝ ստվերային թատրոնի ձեւաչափով:
Առաջիկայում տիկնիկային թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռիին», նոյեմբերին էլ Թայլանդում կայանալիք փառատոնին անգլերենով կներկայացնեն «Անխելք մարդը», ապա Գերմանիա կմեկնեն «Դզին» պոետիկ մոնոներկայացմամբ:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողի հարցին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինչն է քո թատրոնին բնորոշ եւ առանձնահատուկ, պատահաբար իմանում ես ուրիշներից: «Ես չեմ պատկերացնում հատուկ ստեղծված ազգային արվեստ,-ասաց նա ու հավելեց,- այս տարի ապրիլին մասնակցում էինք Սանկտ Պետերբուրգի «Ռադուգա» փառատոնին, ներկայացումից հետո թատերագետների քննարկումներ էին գնում, մարդիկ, որոնք քիչ թե շատ ծանոթ էին մեր թատրոնի հետ, ասացին, որ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն առանձնանում է իր թատերական պոետիկայով: Ւմիջիայլոց պոեզիան ոչ միայն գրականություն է, այլեւ երաժշտություն, փիլիսոփայություն, ձեւ… Երբ փորձում ես այդ բոլոր բաղադրիչները թատրոնի լեզվով համատեղել մի ներկայացման մեջ, ստացվում է պոետիկ ներկայացում»:
Պարոն Բաբայանը գտնում է, որ հանդիսականը եւս մասնակցում է ներկայացման ստեղծման գործընթացին: Նա գտնում է, որ այսօր մշակութային կրթությունը շատ է պակասում. «Մենք մեր երեխաներին հիմնականում մշակութային կրթություն չենք տալիս, իսկ այդպիսի կրթություն չստացող հանդիսականը սկսում է թելադրել իր ճաշակը, եւ անմիջապես սկսում են հայտնվել դրանք բավարարողներ: Բայց դա ոչ թե արվեստի պրոբլեմն է, այլ կրթության»:
Պարոն Բաբայանը լավատես է, ասում է՝ միշտ էլ ամենուրեք ի վերջո հաղթում են լույսն ու բարությունը. «ԽՍՀՄ-ի հանդեպ կարոտախտ չունեմ, բայց մի բան եմ ուզում փաստել ԽՍՀՄ-ում կար մուլտերի ցանկ, որոնք Հռոմի պապը հատուկ կոնդակով հրահանգել էր, որ բոլոր եկեղեցական դպրոցներում երեխաները դիտեն, քանի որ դրանք բարություն էինք քարոզում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ