Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից` «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին:
-Ինձ համար շատ հասկանալի է փոքր եւ միջին ձեռնարկատերերի բողոքը. մարդիկ մտավախություն ունեն, որ հարկադիր մարմինները ստուգումների անվան տակ կստանան ռեալ հնարավորություն՝ իրենց բիզնեսին միջամտելու։
Ավելին՝ համոզված են, որ եթե նույնիսկ ցույց տան՝ տվյալ մեծածախ վաճառողից ինչքան ապրանք են ձեռք բերել, բայց նա հրաժարվել է փաստաթուղթ տալ, եւ անգամ եթե հարկայինը նրանց նկատմամբ օգտագործի օրենքով իրեն վերապահված լծակները, վաղը այդ մեծածախ վաճառողն այլեւս իրենց ապրանք չի տա, եւ իրենք ուղղակի կզրկվեն բիզնեսից։ Սա է ամբողջ խնդիրը։
Կարծում եմ, լուծումը հետեւյալն է. հիմք ընդունել ՀԴՄ-ներով տվյալ գործարարի մոտ ձեւավորված շրջանառության ծավալը, մինչեւ 58 միլիոն 350 հազար դրամ տարեկան շրջանառությունն իրոք ազատել որեւէ տեսակի ԱԱՀ-ից եւ մարդկանց ասել՝ կարող եք վճարել ձեր շրջանառության 1 տոկոսը, այլեւս չմտնել, չստուգել՝ ձեռք բերված ապրանքի փաստաթղթերն ինչ վիճակում են։ Ըստ իս, զարգացման գոնե այս փուլում պետք է գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերացնել փաստաթղթերի ստուգման պահանջը։ Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ բիզնես- միջավայրը կաշխուժանա։
Կարդացեք նաև
Իհարկե, ստվերային տնտեսությունը դրանից չի նվազի, բայց փաստաթղթավորման հարցը կտրուկ դնելով էլ կարող ենք նպաստել գործազրկության աճին։ Վերջին հաշվով, ստվերային տնտեսության պատճառները պետք է փնտրել ոչ միայն մեծածախ առեւտրի, այլեւ առաջին հերթին մաքսային սահմանների վրա։ Հետեւաբար պետք է մտածել նախ եւ առաջ մաքսային վարչարարությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին, հասնել նրան, որ ոչ մեկը չկարողանա մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրել։ Սրանք լուրջ հարցեր են, որ պետք է քննարկել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում