Տեղեկանքն ամփոփում է 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացության դեպքերը: Այսպես, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող:
2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:
Հարկ է նշել, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման հետեւանքով: Ի դեպ, միայն 5 հոգի մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով:
Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Ինչպես տեսնում ենք գծապատկեր 1-ից` հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Միաժամանակ աղյուսակ 1-ի տվյալներից երեւում է, որ այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով մահացությունների թիվը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ