Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները քիչ-քիչ փոխհատուցում են. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2014 11:18

2006 թվականից՝ ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցման ծրագրի մեկնարկից մինչ այժմ, տարբեր սոցիալական խմբերից մոտ 66 հազար մարդ ավանդների փոխհատուցում է ստացել։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 11 միլիարդ դրամ։ Այս մասին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանը։
Ավանդների փոխհատուցման առաջին մեծ ծրագիրը, ինչպես պատմեց Արմեն Մարգարյանը, մեկնարկել է 2006 թվականի ապրիլի 12-ին, որում ընդգրկվել են 2005թ. հուլիսից մինչեւ 2006թ. ապրիլ մշտական նպաստ ստացող անձինք՝ թվով շուրջ 59 հազար անձ։ Դրան զուգահեռ՝ ավանդների փոխհատուցում են ստացել նաեւ Հայրենական Մեծ պատերազմի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները։
2013 թվականի դեկտեմբերից սկսվել է երկրորդ մեծ ծրագիրը, որում ընդգրկվել են մինչեւ 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, «Փարոս» համակարգում հաշվառված սոցիալապես անապահով անձինք։ Ծրագրի այս փուլում ավանդների փոխհատուցում են ստացել նաեւ հաշմանդամ ազատամարտիկները։

Այս տարի ծրագրում ներառվել են նաեւ մինչեւ 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, նորից՝ սոցիալապես անապահով անձինք, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած ազատամարտիկները։ Այս ծրագրով փոխհատուցում է ստացել շուրջ 4150 տարեց անձ եւ շուրջ 1000 ագատամարտիկ։

Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը օգոստոսի 7-ին, որպես ծրագրի շարունակություն, փոխհատուցում ստանալու իրավունք է տվել նաեւ սահմանամերձ 31 համայնքների բնակիչներին՝ արդեն առանց սոցիալական կարգավիճակի։ Մեր զրուցակիցն ասաց, որ ծրագիրը տեխնիկապես պատրաստ է, եւ առաջին փոխհատուցումը «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով կբաշխվի շուտով։ Սահմանամերձ 31 համայնքների ցանկը սահմանված է կառավարության 2013 թվականի 271-Ն որոշմամբ։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031