Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո սփյուռքի նախարարը հանդիպել է Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչներին եւ քննարկել հետագա անելիքներին վերաբերող հարցեր։ Թե արդյունքում քանի ծրագիր է ծնվել, ճշտել են սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից, որը գեթ մեկ շոշափելի պայմանավորվածություն չկարողացավ մատնանշել։ «Ցանկացած ներդրող ոչ միայն դրսից, այլ նաեւ Հայաստանի ներսի ներդրողներն ունենում են որոշակի կասկածներ, որոնք ուզում են փարատել, եւ այդ հանդիպումները ճանապարհը հարթելու միջոց են։ Կա ցանկություն, նրանք այդ հանդիպումների ժամանակ ասում են՝ մենք ցանկանում ենք որոշակի գործեր սկսել, բայց մինչեւ չառարկայանա, ոչինչ չենք կարող ասել»,- ասաց Զաքարյանը։
Նախորդ համաժողովը 2011 թվականին է եղել, այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից քանի՞սն են իրականություն դարձել, պարոն Զաքարյանը հանպատրաստից «չհիշեց». «Օրինակներ հիմա ես չթվարկեմ»։ Շատ արդիական, խնդրահարույց թեմա է «Նոր Հալեպ» ծրագիրը, որը «սառեցվել» է։ Այդ ծրագրով որեւէ մեկը հետաքրքրվե՞ց։ «Տիկին նախարարը բոլոր հանդիպումներում ներկայացրեց այս ծրագիրը, հատկապես գործարար ոլորտի ու մեծահարուստների հետ, որը նաեւ համաժողովից առաջ է եղել։ Նախարարն այս խնդիրն արծարծել է, ներկայացրել մարդկանց, ոչ թե պարտադրել, ու այդ ծրագրի հանդեպ հետաքրքրություն չի եղել։ Այս համաժողովի շրջանակում հավաքվել էին սիրիահայերի հիմնախնդիրները քննարկելու, 2 օր քննարկում արեցինք, որի ներկայացուցիչները Մերձավոր Արեւելքից էին, շատ դժվար է մարդուն ասել՝ եկեք բնակարան կառուցենք, այն դեպքում, որ շատերը շատ լավ գիտեին, թե ինչպես է եղել, ու ինչ վիճակում են եղել, դժվար էր ասել՝ փողը բերեք, Հայաստանի Հանրապետությունում կառուցեք»,- մանրամասնում էր Զաքարյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում