Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է վերանշանակվել Սուրիկ Խաչատրյանը

Հոկտեմբեր 02,2014 18:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Արամ Աբրահամյան.- Մեր ընթերցող Զավեն Տատինցյանը հարցնում է՝ ինչո՞ւ եք դուք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից առաջ հրապարակել Սյունիքում անցկացրած հարցումների արդյունքները եւ նրա վարկանիշը: Դուք գիտեի՞ք, որ նա կնշանակվի:

Ահարոն Ադիբեկյան.– Տվյալները ես ստացել եմ ամիսներ առաջ՝ Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Մեզ հետաքրքրում էր, թե գործող մարզպետը որքանով էր կարողանում ազդել գործընթացների վրա, քանի որ մնացել էին 2 թեկնածու՝ երկուսն էլ ՀՀԿ-ական, եւ նրանց հաշվեկշռում մեծ դեր կարող էր խաղալ գործող մարզպետը: Մեզ հետաքրքրում էր նրա ազդեցության աստիճանը, եւ քանի որ հանրապետականները ընդհանրապես հարցում էին պատվիրել, որ հասկանան, թե ով ինչ վարկանիշ ունի Գորիսում, մենք մի հարց դրեցինք, թե ոնց են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին: Հարցվողների մոտ 60 տոկոսը պատասխանեց, որ նույն կերպ կվարվեին, ինչպես Սուրիկ Խաչատրյանը, մոտ 30 տոկոսը բացասական էր գնահատել, մոտ 10 տոկոսը դժվարացել էր պատասխանել:

Ա. Ա.– Եթե Ձեր տան վրա հարձակում լիներ, Դուք ի՞նչ կանեիք:

Վարդան Հարությունյան.– Նախ՝ ես ապրում եմ այնպիսի կյանքով, որ մեր տան վրա հարձակում չի լինի, դա այնքան քիչ հավանական է, որ նույնիսկ այդ մասին չեմ էլ ուզում մտածել:

Ահ. Ա.– Ուղղակի իրական հավանականությունը չգիտեք, իրականում դա շատ հավանական է:

Վ. Հ.– Հանցագործ հասարակութան մեջ ամեն ինչ հավանական է: Իսկ ընդհանրապես՝ մի կողմից՝ պարոն Ադիբեկյանի թվերը եթե իրականությանը համապատասխանում են, տխրեցնում են, որ Սյունիքում կան մարդիկ՝ 60 տոկոս, ովքեր պատրաստ են սպանել մարդու, եւ մյուս կողմից՝ ուրախացնում է, որ կա 40 տոկոս մարդ, որ նման բան չի անի: Ինչ վերաբերում է տան վրա հարձակվելուն, ես չգիտեմ՝ ինչքանով էր դա հարձակում, գոնե կադրերը դիտելով եւ իրենց ինքնապաշտպանության աստիճանը համադրելով հարձակվողի հարձակման աստիճանի հետ՝ ես դա չեմ կարող համարել հարձակում տան վրա: Բայց բոլոր դեպքերում՝ դա արդեն իրավաբանական խնդիր է, որը պետք է լուծվի ոչ Հայաստանում, որովհետեւ Հայաստանում չի գործում իրավունքը: Հայաստանում չեն գործում դատական համակարգը եւ դատարանները, բայց հույս կա, որ երբեւէ օրենքը Հայաստանում նույնպես կհարգվի, եւ այդ ժամանակ ճշգրիտ գնահատականը կտրվի՝ եղե՞լ է հարձակում, թե՞ չի եղել: Իսկ ընդհանրապես՝ կամայական մարդու վերացական հարցնենք, որ եթե դուք ձեր տանը նստած եք, եւ հարձակվում են ձեր տան վրա, որտեղ երեխաներն են, ձեր կինն է, ձեր թոռնիկներն են, ի՞նչ կանեք, տրամաբանող մարդիկ կասեն՝ իհարկե, կպաշտպանվենք: Ուղղակի պետք չի մարդուն հասցնել այն աստիճանի, որ նա ստիպված լինի զենքը լիցքավորված կամ չլիցքավորված, կամ սովորական պարսատիկը կամ քարը ձեռքին հարձակվի քո տան վրա, դու պետք է քեզ այնպես պահես հասարակության մեջ, մարդկանց հետ փոխհարաբերություններում, որ մարդիկ ստիպված չլինեն հարձակվել քո տան վրա:

Ա. Ա.– Վերադառնանք Սյունիքին եւ նոր վերանշանակված մարզպետին. կադրերը տեսել եք, մարդիկ հերթ են կանգնած, կոպիտ ասած, նրա ձեռքը համբուրելու համար, դա անկե՞ղծ էր, դա ստիպողակա՞ն էր, ի՞նչ էր դա՝ ձեր կարծիքով:

Վ. Հ.- Ես սոցիոլոգ չեմ, բայց ես տեսել եմ կադրեր, թե ինչպես է ազատասեր եւ ազատատենչ գերմանացի ժողովուրդը համբուրում Հիտլերի ոտքերը, ես տեսել եմ կադրեր, թե ինչպես են ազատատենչ հայ ժողովուրդը, վրաց ժողովուրդը, ուկրաինացին, նույնիսկ արեւմտյան ուկրաինացին համբուրում այն հողը, որի վրա Ստալինը դրել էր ոտքը: Դա բոլորովին ոչինչ չի նշանակում, դա նշանակում է, որ մարդիկ դրվել են մի վիճակի մեջ, երբ ստիպված կամ պարտադրված են լինում կեղծել իրենք իրենց: Այդ նույն մարդիկ մեկ այլ իրավիճակում այդպես չէին անի:

Ա. Ա.- Ստալինին համբուրում էին, Հիտլերին համբուրում էին, հիմա համբուրում են Սուրիկ Խաչատրյանին:

Ահ. Ա.- Ես վերադառնամ խորհրդարանական ընտրություններին Սյունիքում: Պարզվեց, որ տեղական իշխանություններից գոհ են նրանք, ովքեր ունեն աշխատանք, բավականին եկամուտ, ընտանիքում պրոբլեմները լուծված են: Նրանք, ովքեր գործազուրկ են, աշխատանք չունեն, կյանքի դժվարությունները պրոյեկտում են իշխանությունների վրա:
Սյունիքը, որը մեր բարեկեցիկ, ինքնապահովող մարզերից մեկն է, այնտեղ ամենաբարձր աշխատավարձերն են Հայաստանում, նույնիսկ ծրագրավորողներից բարձր աշխատավարձեր են ստանում հանքափորները: Ամենավատ վիճակը Մեղրիում է, որտեղ չկան հանքավայրեր, մնացած մեր քաղաքներն ունեն բավականին լուրջ աշխատատեղեր, մարդիկ աշխատում են եւ ամենակարեւորը՝ նրանք դրսից փողեր են ստանում:

Ա. Ա.– Այսինքն՝ այդ ամենի արդյունքում Սյունիքի բնակիչները սիրո՞ւմ են Սուրիկ Խաչատրյանին:

Ահ. Ա.– Ոչ, այդպես չի. ով լավ է ապրում, ով Սուրեն Խաչատրյանից դրական արդյունք ունի՝ գոհ է, իսկ ով որ վատ է ապրում, մեղադրում է մարզպետին:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031