Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ սիրում, հարգում եմ Սուրիկ Խաչատրյանին՝ որպես տղամարդ տղա, ձիգ տղա»

Հոկտեմբեր 02,2014 17:30

Որոտանի գյուղապետը գտնում է, որ Սուրիկ Խաչատրյանի մասին
վատ բան խոսում են «պատերի տակ թափածները»

«Ես Սուրիկ Խաչատրյանին սիրում եւ ընդունում եմ: Ասե՞մ ինչի համար եմ սիրում, որ տղամարդ տղա է, ձիգ տղա է: Ղեկավարը պիտի ընդհանրապես ձիգ լինի, ամուր լինի, որ կարողանա ղեկավարի: Թուլամորթը չի կարող ղեկավարի»,- «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ ուրախացած՝ այսպիսի կարծիք հայտնեց Սյունիքի մարզի Որոտանի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը:
«Որպես համայնքի ղեկավար, ես կասեմ ավելին՝ վերընտրվելու կապակցությամբ իմ ժողովուրդը, բոլորն էլ գոհ ու շնորհակալ են, որ մեր Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը»,- ասաց նա:

Երբ Գորիսի հայտնի դեպքերի հետ կապված փորձում էինք հարց տալ՝ գյուղապետը միանգամից ընդհատեց. «Եկեք նորից անցածը չվերհիշենք: Ես շատ կուզեի, որ դուք էլ ներկա լինեիք, տեսնեիք՝ ամբողջ Սյունիքի մարզը ինչ ձեւով էր ընդունում պարոն Խաչատրյանին, ինչ ձեւով դիմավորեց: Եկեք անցածը նորից չվերհիշենք, կրքեր չբորբոքենք: Տարածաշրջանի գյուղերի մարդիկ ինքնակամ դուրս էին եկել, եսիմինչ ձեւերով ընդունում էին պարոն Խաչատրյանին»:

Մեր հարցին՝ հնարավոր է, որ վախի՞ց են անում, գյուղապետը չհամաձայնեց. «Ոչ: Դա սուտ է: Ես ոչ թե մենակ իմ կարծիքն եմ ասում, այլ իմ տեսածն եմ ասում: Օրինակ՝ ես ինչի՞ պիտի վախենամ, պարոն Խաչատրյանին սիրում եւ ընդունում եմ»:

Սերյոժա Ամիրխանյանը սկսեց թվարկել, թե ինչ լավ գործեր է արել Սուրիկ Խաչատրյանը՝ օգնելով իրենց համայնքին. «Գրասենյակի շենքը անմխիթար վիճակում է եղել, դուռ-լուսամուտ բացարձակ չի եղել: Առաջին այցելության ժամանակ դուռ-լուսամուտ դրեց, հետո էլ կահավորեցինք: Կենցաղի տուն ընդհանրապես չենք ունեցել, սարքեցինք իր աջակցությամբ: Ես իր հետ կարճ ժամանակ եմ աշխատել, բայց ես էլ, իմ ժողովուրդն էլ շատ բան ենք տեսել իրենից»:

Մեր դիտարկմանը՝ եռյակի ուժերը հանրահավաքներ են անում մարզում եւ ասում են, որ ճնշումներ կան բնակիչների վրա, թույլ չեն տալիս մասնակցել հանրահավաքներին՝ գյուղապետը ծիծաղեց. «Իմ կամքին հակառակ, եթե ես ուզում եմ գնալ հանրահավաքների, ոչ մեկը չի կարա արգելք հանդիսանա: Այդ ասածները բոլորը չուզողներն են տարածում: Ինձ ոչ մեկը չի ասել՝ պարոն Խաչատրյանին Զանգերի մոտ դուրս եկ, դիմավորի: Ես դիմավորել եմ, մինչեւ վերջ գնացել իր հետ, իմ աչքով եմ տեսել, թե ժողովուրդն ինչ ձեւով է ընդունում: Իսկ չճանաչողները, ով չի շփվել, չի տեսել՝ մեր լեզվով ասած, լրիվ այն պատերի տակ թափածներն են, որ ասում են՝ սենց էնենց է: Իրականում բոլորն էլ ուրախ, գոհ են: Ի՞նչ վախ, այսօր վախը ո՞րն է»:

Սերյոժա Ամիրխանյանը չհերքեց, որ հնարավոր է Սուրիկ Խաչատրյանին ծափողջույններով դիմավորողների մեջ քծնողներ էլ լինեն. «Բայց չնչին տոկոս է: Ես ճիշտը խոսող տղա եմ, ինչ կա իրականում, ասում եմ՝ անկեղծ սիրում, հարգում են Սուրիկ Խաչատրյանին: Մեկը ես՝ անկեղծ սիրում, հարգում եմ՝ որպես տղամարդ տղա, ձիգ տղա, կայուն տղա, կայուն ղեկավար»:

Ինչ վերաբերում է այն մութ պատմություններին, քրեական գործերին՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված, գյուղապետը վստահեցրեց, որ դա «չուզողներն» են տարածում: Նա ասաց, որ չի հավատում այդ պատմություններին. «Նման բան չկա: Քրեական գործեր կային հարուցված՝ բոլորը տեսան: Շատը հերյուրանքներ են, չուզողներն են տարածում, որ վարկաբեկեն, քցեն: Խաչատրյան Սուրիկը նման բաներ երբեք թույլ չի տա: Մեկը մի բան է անում, մյուսը՝ մի բան: Դա հո չի՞ նշանակում, որ Խաչատրյան Սուրիկը այդ բոլորին կողմ է ու ծափահարում է»:

Մեր դիտարկմանը, որ այնպես է ներկայացնում՝ ասես Սուրիկ Խաչատրյանը սուրբ է, Ամիրխանյանը պատասխանեց. «Ինքը եղբոր երեխեքի համար պարտավոր չի… երեխա ա, կարող է ինչ-որ մի բան է արել, դա լրիվ վերագրում եք Խաչատրյան Սուրիկի՞ն: Ինքը իմ ներկայությամբ, իմ լսելով ու տեսնելով՝ միշտ էլ սաստում է, ասում է՝ չի կարելի, դաստիարակչական բաներ է անում: Բայց դե, դեպք է, բոլորիս հետ էլ պատահում է: Ես ոչ քծնվող եմ, ոչ էլ շոպլիկ եմ: Կայուն ծնվել եմ, կայուն էլ կմեռնեմ: Իմ իսկական կարծիքն եմ ասում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031