Եվրամիության հետ «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի» արդեն ստորագրման պատրաստ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու եւ Ռուսաստանի ակնհայտ կայսերապաշտական, եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնություններին միանալու մասին Սերժ Սարգսյանի՝ մոտ մեկ տարի առաջ արած հայտարարությունը խնդրահարույց էր ի սկզբանե:
Լեգիտիմության ահռելի պակասուրդ ունեցող նախագահի՝ Հայաստանի անունից արված հայտարարությունը չուներ ոչ մի հիմք եւ հիմնավորում: Խնդիրը չէր քննարկվել իշխանության ոչ մի իրավասու մարմնում, դրանից անտեղյակ էր Հայաստանի ողջ քաղաքացիական հասարակությունը, իրենց առաջնորդի որոշումից անտեղյակ էին նաեւ իր կուսակիցները:
Նոր ինտեգրացիոն գործընկեր-պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, դրանց տնտեսական մոդելների հետ հայաստանյանի ակնհայտ աններդաշնակությունը, դրանց քաղաքական համակարգերի եւ ղեկավարության ոչ ժողովրդավարական, հետադիմական բնույթը միանշանակորեն բացառում էին հետագա որեւէ առաջընթացի ակնկալիք Հայաստանի համար:
Հայտարարությունն արվեց օտար երկրի մայրաքաղաքում, ՌԴ նախագահի հետ փակ հանդիպումից հետո, ու մինչ այժմ անհայտ է, թե ինչ բնույթ է ունեցել այդ խոսակցությունը, եւ փաստարկների ինչ զինանոց է օգտագործել պարոն Պուտինը` Սերժ Սարգսյանից նման կտրուկ շրջադարձի մասին հայտարարություն կորզելու համար:
Կարդացեք նաև
Կտրուկ շրջադարձը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վրա, անպայմանորեն կվնասեր Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ վարկին, կթուլացներ Հայաստանի դիրքերը Արցախի խնդրի համատեքստում:
Անցած մեկ տարում Սերժ Սարգսյանի ռեժիմը այդպես էլ չկարողացավ Հայաստանի հասարակությանը տրամաբանական բացատրություններ ներկայացնել իր կուրսի փոփոխության վերաբերյալ: Ավելին՝ եթե ճշմարիտ են ռեժիմի ճամբարից հնչող ակնարկները առ այն, որ այդպես չվարվելու դեպքում իրական վտանգ կսպառնար Արցախին, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ այլ ինչի, եթե ոչ՝ «ռազմավարական դաշնակցի» կողմից ուղղակի շանտաժի ու սպառնալիքի հետ: Չենք բացառում նաեւ, որ սպառնալիքներ եւ շանտաժ եղել են ոչ թե Հայաստանի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին: Կասկած չունեմ, որ Կրեմլը բավարար տեղեկատվություն ունի Սարգսյանների կլանի գործունեության կոռուպցիոն բաղադրիչի մասին:
Չնայած Կրեմլի եւ Սերժ Սարգսյանի բուռն ձգտմանը եւ անլրջության հասնող շտապողականությանը այդ հարցում՝ անցած մեկ տարում, բարեբախտաբար, տարբեր պատճառներով ձգձգվեց եւ չիրականացավ սկզբում Մաքսային միությանը, իսկ հետագայում դրան փոխարինելու եկած Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելը:
Զուգահեռաբար, անցած ժամանակահատվածում տեղի ունեցան բեկումնային աշխարհաքաղաքական փոփոխություններ: Ղրիմի անեքսիայի ու Ուկրաինայի հարավ-արեւելք ներխուժման արդյունքում Ռուսաստանը իրավամբ վերադարձվեց աշխարհի մերժված, իզգոյ, պետությունների շարքը: Սեփական պարտավորությունները անամոթաբար անտեսող, միջազգային իրավունքը կոպտորեն ոտնահարող, հարեւան պետությունների համար անմիջական սպառնալիք դարձած Ռուսաստանը վռնդվեց աշխարհի հզորագույն պետությունների ոչ ֆորմալ ակումբից՝ G8-ից, եւ դարձավ այդ երկրների կործանարար տնտեսական պատժամիջոցների թիրախ: Ըստ էության վերսկսվել է «սառը պատերազմը»:
Մյուս կողմից՝ մեր տարածաշրջանի զարգացումները ցույց տվեցին, որ որեւէ նոր երաշխիք Հայաստանի ու Արցախի անվտանգության համար չկա եւ չի կարող լինել՝ զուտ տնտեսական միավորում հանդիսացող Եվրասիական միություն մտնելու արդյունքում: Ավելին՝ ակնհայտորեն երեւաց, որ Եվրասիական միության այժմյան երեք անդամներից առնվազն երկուսը, որոնք մեզ հետ միասին նաեւ հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ, մեր երկրի շահերը հակված են ստորադասելու մեկ այլ՝ մեզ թշնամի երկրի շահերին:
Ինչ վերաբերում է ռեժիմի կողմից ակնարկվող՝ Արցախի հետ կապված ռուսական շանտաժին, ապա, իմ խորին համոզմամբ, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այդ ենթադրյալ շանտաժին հեշտությամբ կարելի է դիմակայել շատ քաղաքակիրթ քաղաքական եւ դիվանագիտական քայլերով:
Այս իրավիճակում, եթե ոչ որպես պետական դավաճանություն, ապա որպես անլրջության գագաթնակետ եւ աղաղակող անպատասխանատվություն կարող ենք գնահատել օր առաջ Եվրասիական միությանը Հայաստանին անդամագրվելու Սերժ Սարգսյանի շարունակական ու համառ ջանքերը:
Ելնելով վերոգրյալից՝ մի վերջին անգամ կոչ եմ անում ռեժիմին հրաժարվել, իսկ եթե դա իրենց ուժերից վեր է, գոնե հետաձգել Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը առնվազն մեկ տարով: Այլ տարբերակներ չգտնելու դեպքում, որպես հետաձգման շատ հաջող ու արդյունավետ տարբերակ կարող եմ առաջարկել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:
Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները հստակ դիրքորոշվեն Հայաստանի ինքնիշխանության եւ հետագա ճակատագրի հետ առնչվող այս լրջագույն խնդրի վերաբերյալ եւ համակարգված, դիմադրող ճնշում գործադրեն ռեժիմի արկածախնդիր գործունեության դեմ:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2014