Ուկրաինացի եւ ռուս լրագրողները ներկայացնում են
իրենց երկրների լրատվամիջոցների աշխատանքը
«Ի սկզբանե ռուսական մեդիան Մայդանի ակտիվիստներին ներկայացնում էր որպես ֆաշիստներ, բանդերովականներ, ինչը ճշմարտություն չէր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ռուսական ընդդիմադիր «Независимая газета» օրաթերթի քաղաքական լրագրող Ալեքսեյ Գորբաչովը:
Նրա եւ ուկրաինական «Телекритика. Журналистика. Свобода слова» վերլուծական կենտրոնի լրագրող Վիկտորյա Բիլաշի հետ «Առավոտը» զրուցել է այն մասին, թե ինչ տեղեկատվական խնդիրների առջեւ են կանգնել երկու երկրների լրատվամիջոցները Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ժամանակ: Ինձ հետ զրույցում լրագրողները պնդեցին, որ այս ընթացքում ռուսական կողմից պրոպագանդան մեծ էր, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ հատկապես Ռուսաստանում ապրողների կարծիքի ձեւավորման վրա:
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը, որը հիմա վերածվել է զինված կոնֆլիկտի, սկսվել է դեռեւս 2004 թվականին` Նարնջագույն հեղափոխությունից հետո: Այս տարիների ընթացքում ռուսներին մշտապես տրամադրել են, որ Ուկրաինայում ապրում են թշնամիներ, ֆաշիստներ, «բանդերովականներ», որոնք վերցրել են իշխանությունը»,- ասում է ռուսական լրատվամիջոցի լրագրողը եւ ավելացնում, որ Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց հետո պրոպագանդան մի փոքր փոխվեց. «Ստացվում էր, որ միայն Արեւմտյան Ուկրաինայում են ապրում ֆաշիստներ, ազգայնականներ»:
Ալեքսեյ Գորբաչովը պատմում է, որ երբ Ուկրաինայում սկսվեց «Մայդանը», ռուսական լրատվամիջոցների մեծ մասը, հատկապես հեռուստաընկերությունները, որոնց լսարանը մեծ է, եւ որոնք պրոիշխանական են, սկսեցին լուսաբանել այնտեղ կատարվողը, հեռարձակվող տեղեկատվությունը զուտ պրոպագանդա էր՝ հեռու ճշմարտությունից: «Բոլոր նորությունները մեզ մոտ միայն Մայդանի մասին էին, եւ տպավորություն էր ստեղծվում, որ մենք ապրում ենք Ուկրաինայում, դա նրա պատճառով էր, որ Կրեմլը Մայդանում տեսավ մարտահրավեր իր ռեժիմի դեմ,- ասում է Ալեքսեյ Գորբաչովը:- Օլիմպիադայից հետո Յանուկովիչը փոխանակ նստեր այնտեղ, գնաց բանակցությունների Պուտինի հետ, կար տեղեկատվություն, որ հենց Պուտինն է առաջարկել Յանուկովիչին, որ սկսի Մայդանի հետապնդումը»:
«Независимая газета-ի լրագրողը ասում է, որ Կրեմլի կողմից պրոպագանդան գնալով ուժգնանում էր: Անդրադառնալով Ուկրաինայի Արեւելյան հատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ լրատվամիջոցների լուսաբանմանը՝ Ալեքսեյ Գորբաչովն ասում է. «Պատերազմի ժամանակ լրատվամիջոցների մեծ մասը զբաղեցնում էր պրոռուսական դիրք, բայց լրատվամիջոցների մի մասը՝ ընդդիմադիրները, պահում էին օբյեկտիվությունը: Ինչ վերաբերում է իշխանամետ լրատվամիջոցներին, այնտեղ մշտապես ցուցադրում են պայթյուններ, տեղեկատվությունն ամբողջությամբ միակողմանի է եւ անջատողականների կողմից, որոնց ռուսական լրատվամիջոցներն անվանում էին աշխարհազորայիններ: Միայն այս կողմի մասին էր տեղեկատվությունը, այլ բան սպասել անգամ չէինք կարող»:
Ըստ ռուս լրագրողի՝ ռուսական լրատվամիջոցներով տարածվող Կրեմլի պրոպագանդայի հետեւանքով Ռուսաստանի բնակչության մի ստվար հատվածի մոտ հակաուկրաինական տրամադրություն ձեւավորվեց, բնակչության մեծ մասը սկսեց կողմ արտահայտվել զինված ներխուժմանը Ուկրաինայում:
Ուկրաինական «Телекритика. Журналистика. Свобода слова» վերլուծական կենտրոնի լրագրող Վիկտորյա Բիլաշը «Առավոտի» հետ զրույցում միանգամից հիշատակեց դեպքեր, երբ Ուկրաինայի արեւելյան հատվածում որոշ ուկրաինական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտվել էր, այդպես այդ տարածքում ապրողները հնարավորություն չէին ունեցել տեղեկանալու իրենց մոտ կատարվողի մասին: Նա ցավում է, որ Արեւմտյան Ուկրաինայի տեղեկատվական հոսքերից օգտվելու հնարավորությունից երկրի արեւելյան հատվածը զրկվում էր, սխալ, խեղաթյուրված տեղեկատվություն էր ստանում ռուսական լրատվամիջոցներից: Ըստ ուկրաինացի լրագրողի՝ տեղեկատվական հարթակում առկա այս խնդիրները միայն Ուկրաինայինը չեն, այլ նաեւ ամբողջ աշխարհինը: Խոսելով Արեւմտյան Ուկրաինայի լրատվամիջոցների մասին՝ Վիկտորյա Բիլաշն ասում է. «Մենք շատ ուշադրությամբ հետեւում ենք Արեւմտյան Ուկրաինայի ԶԼՄ-ներին եւ շատ վախենում ենք, որ նրանք չդառնան պրոպագանդայի զոհը»: Նա նշում է, որ շատ ուկրաինական լրատվամիջոցների լրագրողներ սովոր են ռուսական աղբյուրների հետ աշխատելուն, սակայն այժմ շատ հեղինակավոր ռուսական լրատվամիջոցներ սխալ են լուսաբանում իրավիճակը:
Ըստ Վիկտորյա Բիլաշի՝ տեղեկատվական պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եղել է ու դեռ շարունակվում է, այդ պատերազմում ուկրաինական կողմը տանուլ է տալիս: Նա նույնպես, ինչպես իր ռուս գործընկերն էր ինձ հետ զրույցում նշել, փաստում է, որ Կրեմլի լրատվամիջոցների պրոպագանդայի արդյունքում Ռուսաստանի հասարակության մոտ ձեւավորվել էր, որ այնտեղ՝ Մայդանում, թշնամիներ են, ֆաշիստներ եւ բանդերովականներ: Այժմ էլ, ըստ ուկրաինացի լրագրողի, տեղեկատվական պատերազմում Ռուսաստանը շահեկան դիրքում է, որովհետեւ ունի ռեսուրս եւ «նպատակային» օգտագործում է. «Դրա ապացույցն է Russia Today-ը, որը, եթե չեմ սխալվում, ունի 7 միլիոն դիտող, այն հեռարձակվում է իսպաներեն, արաբերեն, ռուսերեն: Հիմա մեկ ամսից այն կլինի Գերմանիայում: Դա թույլ է տալիս ինձ մտածելու, որ տեղեկատվական պատերազմը շարունակվում է»:
Խոսելով Արեւմտյան Ուկրաինայում լրագրողների խոսքի ազատության իրավունքի մասին՝ Վիկտորյա Բիլաշը նշում է՝ այժմ նրանք ավելի ազատ են, քան Վիկտոր Յանուկովիչի նախագահության շրջանում, մամուլի ազատության բնագավառում առաջընթաց նկատվում է. «Հիմա մեզ մոտ քննադատում են ե՛ւ իշխանությանը, ե՛ւ հակաահաբեկչական գործողությունները, ե՛ւ քննադատում են Ռուսաստանին»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2014