Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր երկրից մեկնող միգրանտը չգիտի՝ ո՞ւր է գնում, ի՞նչ է նրան սպասվում

Հոկտեմբեր 02,2014 16:00

Մարդիկ հայրենիք վերադառնում են ինչի՞ համար, որպեսզի ունենան բարեկեցիկ կյանք, իրենց իրավունքները պաշտպանված լինեն, բիզնես խտրականություն չլինի, օրենքը բոլորի համար հավասար լինի, դատարաններում արդար վճիռներ կայացվեն, ընտրությունները չկեղծվեն: Երբ այդ ամենը Հայաստանում կլինի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն արդեն կխոսի մարդկանց մեծ հոսքով վերադարձի մասին: Քանի դեռ չկան այդ պայմանները, ռեէմիգրացիան կշարունակվի, այսինքն՝ մարդիկ կգնան, կաշխատեն, կվերադառնան, հետո նորից կգնան: Մարդասիրական մղումներից ելնելով՝ եվրոպական երկրներն աջակցում են իրենց երկիր բուժման նպատակով մեկնողներին, որպեսզի նրանք առողջանան կամ ստանան անհրաժեշտ քանակի դեղորայք, որպեսզի չմահանան: Բայց վերջին շրջանում բավականին խստացել են չափորոշիչները, եւ քանի որ այժմ Հայաստանը ոչ զարգացող եւ ոչ վտանգավոր երկրների ցանկում է, միայն Ֆրանսիան անցյալ տարի մեր երկրի քաղաքացիների դիմումների 95 տոկոսը մերժել է: Բուժման նպատակով գնացողներին չեն մերժում, բայց եթե մեկնել ես աշխատելու նպատակով, ու եթե հանկարծ առողջականդ վատացավ, քեզնից անմիջապես կպահանջեն բժշկական ապահովագրություն: Օտար երկրում քանի դեռ ապաստան հայցող ես, քեզ անվճար տրամադրում են սնունդ, հագուստ, ապահովում ապաստանով՝ փախստականների համար նախատեսված կացարաններում, բայց ոչ մի դեպքում չես ունենում աշխատանքի թույլտվություն:

«Մեր պետությունը սկսել էր պայմանագրերի կնքում եվրոպական երկրների հետ՝ ցիրկուլյար միգրացիայի հարցում, բայց դա մինչեւ Մաքսային միություն մտնելը: Իսկ հիմա գործընթացը սառեցված է, եւ որեւէ տեղաշարժ չկա»,- մեզ հետ զրույցում ասում է մասնագետը:

Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ շատ երկրներում ընդունված է արտերկիր մեկնողների համար անցկացնել հատուկ դասընթացներ, որոնց միջոցով մեկնողը լինում է պատրաստված, տեղեկացված, թե ուր է մեկնում, ինչպիսի ավանդույթներ կան այնտեղ, ինչ աշխատանքով կարող է զբաղվել, մի խոսքով՝ լիարժեք տեղյակ այն ամենին, թե ինչ կարող է ակնկալել տվյալ երկրից, եւ ինչ է իրեն սպասվում այնտեղ: Իսկ մեր երկրում նման դասընթացներ չկան, եւ մարդիկ մեկնելով՝ հաճախ բախվում են անսպասելի խնդիրների: Տիկին Բեժանյանը վստահ է՝ եթե մարդը պատրաստված մեկնի, պաշտպանված կլինի, երկիրն էլ իրեն տեր կկանգնի, այդպես կարող ենք տեղեկացված լինել տվյալ մարդուց: Արտերկիր մեկնողի համար շատ կարեւոր է, որպեսզի նա այդ երկրում աշխատելով՝ ունենա աշխատանքային պայմանագիր: Նախկինում զարմանում էին. խոպանչին պայմանագի՞ր կկնքի, այժմ արդեն շատերը գիտակցում են դրա կարեւորությունը, քանի որ գործատուն հանգիստ կարող է չվճարել աշխատանքի դիմաց: Եթե չունես պայմանագիր, ոչինչ հնարավոր չէ ապացուցել:

Տիկին Բեժանյանը ցավով է արձանագրում, որ մեր երկրում միգրացիան կանոնակարգված չէ: Ըստ նրա՝ եթե Հրաչյա Հարությունյանը Ֆիլիպինների քաղաքացի լիներ, նման ձեւով ոչ ոք նրա հետ չէր վարվի. «Այդ դեպքում անմիջապես կգնար աշխատանքային կցորդը, իր երկրի դիվանագիտական հատվածն իր գործը կաներ, եւ ի վերջո՝ իրեն չէին տա վատ աշխատող արգելակներով մեքենա: Ռուսաստանում ապրող կամ նոր մեկնող միգրանտների համար պայմանները բավականին փոխվել են: Ներկայումս եթե, օրինակ՝ այնտեղ աշխատող միգրանտը երկու անգամ մեքենայով անցել է կարմիր լույսի տակով կամ այլ խախտում կատարել, որ պահին լքի Ռուսաստանի Դաշնությունը, անմիջապես կհայտնվի սեւ ցուցակում եւ երեք տարի չի կարողանա մտնել այդ երկիր»:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից տրամադրվում են բիզնես-դրամաշնորհներ առնվազն 6 ամիս այլ երկրում աշխատած անձանց, որպեսզի նրանք գան հայրենիք, բիզնես հիմնեն ու աշխատեն:

«Մինչեւ այժմ 26 ծրագիր ենք ֆինանսավորել, եւ դրանք բոլորն էլ գործում են: Կապը շահառուների հետ մշտապես կա, եւ կազմակերպությունն իրազեկ է նրանց կողմից կատարվող աշխատանքին»,- նշում է տիկին Բեժանյանը:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկիր է ժամանել 1 միլիոն 78 հազար 200 ՀՀ քաղաքացի, մեկնել է 1 միլիոն 164 հազար 67 ՀՀ քաղաքացի: Սրանք Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են: Ամենից շատ մեր երկրի քաղաքացիները մեկնում են ցամաքային տրանսպորտային միջոցներով:

Մեկնողների 73,1 տոկոսի ուղղությունը եղել է դեպի Ռուսաստան, հետո ԱՄՆ եւ այլ երկրներ: Հայ միգրանտների ավելի քան երեք քառորդը տղամարդիկ են, մեկնողների մեծամասնությունը 26-ից 55 տարեկան է: Նրանց մեծ մասն աշխատանքային միգրանտներ են: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկնողների մեծամասնությունը երիտասարդներ են եւ տարիներով ապրում են այլ երկրում, որոշ դեպքերում երկրորդ ընտանիք են կազմում, ինչն էլ ամուսնալուծությունների աճի պատճառներից մեկն է: Մեկնողների 43 տոկոսը միջնակարգ կրթություն ունի, 33 տոկոսը՝ միջին մասնագիտական, իսկ մոտ 20 տոկոսը բարձրագույն կրթությամբ է: Այս անձանց շատ փոքր տոկոսն է իր մասնագիտությամբ աշխատում: Դրամական փոխանցումները Հայաստան կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը. խոսքը միայն բանկային փոխանցումներին է վերաբերում: Մեկնողները շատ են Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերից, իսկ Արարատն ու Արմավիրը երկար ժամանակ համարվում էին ցածր միգրացիոն հոսք ունեցող մարզեր, բայց մեծապես վերջին ցրտահարություններով պայմանավորված՝ այս մարզերից էլ արդեն մեծ հոսք է նկատվում: Շատացել են մեկնողները նաեւ Սյունիքից: Սահմանային գյուղերից էլ մեկնումը մշտապես շատ է, բայց ավելի շատ՝ սեզոնային աշխատանքի:

Տիկին Բեժանյանի համոզմամբ՝ քանի դեռ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով, ակնկալել, որ Հայաստան վերադարձողների թիվն ավելի մեծ կլինի, քան գնացողներինը, չի կարելի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031