«Սյունիքի մարզի Սվարանց համայնքը ամպերի տակ է գտնվում»,- մեզ հետ զրույցում կատակում է համայնքի ղեկավարը՝ Արթուր Մարգարյանը: Նրա խոսքերով՝ Սվարանցում խնդիրները շատ են, այն Գորիսի տարածաշրջանի ամենավերջին գյուղն է: Սվարանցը ներկայումս 150 բնակիչ ունի: Գյուղում դպրոց կա, բայց մանկապարտեզ՝ ոչ: Արտագաղթն այս համայնքն էլ չի շրջանցել. արտագնա աշխատանքի մեկնողները շատ են: Գյուղում հիմնական աշխատանք չկա, մնացողներն էլ գյուղին հատուկ գործերով են զբաղվում՝ հողագործությամբ, անասնապահությամբ: Ովքեր արտերկիր չեն մեկնում, գնում են մարզի քաղաքներից մեկը՝ աշխատելու: Միակ մխիթարանքն այն է, որ հանրապետության մարզերով մեկ այս տարի տեղացած աղետաբեր կարկուտը Սվարանցին չի վնասել, անգամ անձրեւ գյուղում չի եկել:
Գյուղապետի տվյալներով՝ համայնքի բյուջեն 4 միլիոն դրամ է կազմում: Նրա խոսքերով՝ Գորիսի համայնքներից մեկում՝ Տաթեւում, ճոպանուղու կառուցումը գյուղին որեւէ օգուտ չի բերել. զբոսաշրջիկներ այստեղ չեն այցելում: Արթուր Մարգարյանը մի պարզ պատճառ է նշում. գյուղը կոյուղի չունի, հետեւաբար հյուրատները անհարմար կլինեն: Ըստ նրա՝ նման պայմաններում ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանում թեկուզ մեկ օր մնալ այստեղ: Գյուղը գազիֆիկացված չէ, ոռոգման ջուր չունի: Ծնելիությունն էլ բավականին ցածր ցուցանիշներով է արտահայտված, քանի որ երիտասարդությունը գյուղից մեկնում է, եւ գյուղում հիմնականում մեծերն են մնում:
Սվարանցում հրաշալի բնություն կա, հարյուրամյակների պատմություն ունեցող եկեղեցի, որն ի դեպ՝ այժմ նորոգվում է բարերարների միջոցներով: Արթուր Մարգարյանը համայնքների խոշորացման ծրագրից մեծ հույսեր չունի. ասում է. «Եթե այժմ համայնքի բյուջեն 4 միլիոն է, ապա խոշորացման դեպքում ավելի կփոքրանա, առանց այդ էլ միջոցները չեն բավականացնում»: Համայնքի ղեկավարը կարծում է, որ խոշորացումից գյուղերի վիճակն ավելի կվատանա: Եթե 4 գյուղ միացնեն եւ իրեն նշանակեն ղեկավար, այդ դեպքում էլ Մարգարյանը համաձայն չի լինի: Ասում է. «Յուրաքանչյուր գյուղ իր ցավերն ունի»:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2014