Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հին ու նոր պատմություն

Հոկտեմբեր 02,2014 14:30

Կամ՝ երբ գիժը քար գլորեց ձորը

Լինում է, չի լինում, մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը։ Միաժամանակ բազմաթիվ խելոքներ են լինում, այսպես կոչված՝ իմաստուններ։ Մի անգամ այս հիմարը կամ ապուշը քար է գլորում ձորը։ Մինչ ազգի խելոքները, կոչումով կամ անկոչում իմաստունների խորհուրդը հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարն է գլորում ձորը։ Նախորդից մեծ մի քար։ Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար։ Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարն է գլորում՝ նախորդներից ավելի խոշոր մի քար։ Ազգի խելոքները խուճապի են մատնվում՝ էս ո՞նց եղավ, ինչպե՞ս պատահեց, հիմա ո՞նց հանեն այդ անիծյալ քարերը։ – Ուրիշ ելք չկա,- ասաց իմաստուններից մեկը,- եկեք հանրահավաք անենք, հետո կերեւա… – Ի՞նչ հանրահավաք,- խոսեց երկրորդ իմաստունը,- մի քանի անգամ արդեն արել ենք, բայց որեւէ օգուտ չենք ստացել դրանից։ Առաջարկում եմ հացադուլ անենք։ – Ոչ մի հանրահավաք, ոչ մի հացադուլ,- ասաց երրորդը։- Միակ ճանապարհը, միակ ելքը նամակ գրելն է։ Դուք այստեղ որքան ուզում եք՝ մտածեք, ես գնացի։ Գնում եմ նամակ գրեմ։ – Հռոմի պապի՞ն,- հարցրեց մեկը։ – ՄԱԿ-ի՞ն,- հարցրեց երկրորդը։ – ԵԱՀԿ-ի՞ն,- հարցրեց մի ուրիշը։ – ՀԱՊԿ-ի՞ն,- մտահոգվեց ինչ-որ մեկը։ – Ոչ մեկին, ոչ մյուսին, ոչ էլ մյուսներին։ Թագավորի՛ն,- ձեռքը հանդիսավոր ինչ-որ ուղղությամբ պարզելով՝ ասաց նամակագիրը։ Ապա մյուսներից առանձնացավ, մի սալաքարի վրա նստեց ու հանեց նոթատետրը։

Իմաստուններից մեկը ձեռքը վեր պարզեց, բոլորը լռեցին։ – Մի՛ աղմկեք, տիկնայք ու պարոնայք,- ասաց նա, չնայած հավաքվածների մեջ միայն տղամարդիկ էին։ – Մեր այս աղմուկով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Հետեւեք ինձ։ Ես գիտեմ՝ ինչ պիտի անենք։ – Նախ ասա՝ ո՞ւր ես ուզում մեզ առաջնորդել, եւ ի՞նչ պիտի անենք,- հարցրին իմաստունները։ – Եկեք միասին գնանք աղոթենք… Հավաքվածները սկսեցին դժգոհ աղմկել։ Արդեն իրար ձայն չէին լսում։ Կոպտում ու հայհոյում էին իրար, եւ չնկատեցին, թե որտեղից ու ինչպես իրենց առջեւ հայտնվեց բոլոր ժամանակների մեծագույն աշխարհակալը՝ Ալեքսանդր Մակեդոնացին։ Նա դանդաղ իր շորերից թափ տվեց հազարամյակների փոշին, հայացքով չափեց բոլորին ու հարցրեց. – Տիարք, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել այս ձորի գլխին, ինչո՞ւ եք աղմկում։ – Մի հիմար, թանձրագույն ապուշի մեկը քարեր է գլորել ձորը, մտածում ենք, թե ինչպես հանենք,- միաձայն պատասխանեցին իմաստունները։ – Ահա թե ինչ,- աշխարհակալը մի րոպե լռեց ու հարցրեց։ – Տեսե՞լ եք, թե ես ինչպես եմ լուծել գորդյան հանգույցը։ – Չենք տեսել, բայց այդ մասին կարդացել ենք,- կրկին միաձայն պատասխանեցին իմաստունները։ – Այդ դեպքում ինչո՞ւ եք գլուխ ջարդում։ Ամեն ինչ չափազանց պարզ ու հասարակ է։ Պետք չի քարերը հանել։ Բռնեք այդ հիմարին՝ քարերը գլորողին, ձեռ ու ոտերը կապեք եւ այստեղից՝ ձորի գլխից ուղարկեք իր գլորած քարերի հետեւից։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախ

Հ.Գ. Այստեղ պատմությունն ավարտվում է։ Բայց մի խումբ ականատեսներ ասում են, որ պատմությունը շարունակություն ունի։ Լսենք նրանց պատմածը. Մինչ Մեծ զորավարը շրջվել, ուզում էր հեռանալ, իմաստուններից մեկը նրա հետեւից ձայնել է. – Աշխարհակալ, բայց նրան ո՞նց բռնենք։ Մեծն Մակեդոնացին դանդաղ շրջվել, արհամարհանքով ոտից գլուխ չափել է իմաստուններին ու ասել. – Եթե դուք այդ օրին եք արդեն, ձեզ համար մի պահեստային տարբերակ կա,- նա կրկին արհամարհանքով չափել է բոլորին ու մատնացույց արել անդնդախոր ձորը։- Ինքներդ մեկնեք քարերի հետեւից…

«Առավոտ» օրաթերթ
01.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031