Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմիտասյան փառատոն՝ գերմանական դղյակում

Հոկտեմբեր 02,2014 14:00

Տարեցտարի Վարդապետի անվան
փառատոնին մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է

Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ եւ ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած՝ Գերմանիայի Բրանդենբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011 թվականից անցկացվում է Կոմիտասի անվան միջազգային մրցույթ-փառատոնը: Աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են Արամ եւ Վահրամ Եկավյանները: Դղյակը, որտեղ անցնում է միջոցառումը, նախատեսված է 500 հանդիսականի եւ բացօթյա՝ մինչեւ 10.000 ունկնդրի համար:

Վերջերս Երեւանում կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներին մասնակցում էր Վահրամ Եկավյանը, որին «Առավոտը» հրավիրեց հարցազրույցի:
Վահրամ Եկավյանը հայտնեց, որ այս տարի չորրորդ անգամ հունիսին կայացել է մրցույթը՝ դաշնամուր եւ մեներգ անվանակարգերում: Այն նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Մասնակցել է 20 երաժիշտ՝ 12 երկրից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեքսիկայից եւ այլն: Ժյուրիի աշխատանքները գլխավորել է ֆրանսաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Մկրտչյանը՝ Հայաստանից եւ Գերմանիայից հրավիրված իր կոլեգաների հետ, այդ թվում՝ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի (Հայաստան), Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Սանդրոյի եւ այլոց: Պարտադիր ծրագրում ընդգրկված են եղել Կոմիտասի եւ Բախի ստեղծագործությունները: Պարոն Եկավյանի հավաստիացմամբ՝ կոմիտասյան 2 երգեր՝ «Գիշեր արի» եւ «Բարի ճանապարհ» գերմաներեն թարգմանությամբ ընդհանրապես հնչել են առաջին անգամ մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար, Բեռլինի կոնսերվատորիայի դոցենտ Կարինե Գիլարյանի նախաձեռնությամբ:

Հետաքրքրությանը, թե մրցույթ-փառատոնից հետո ավարտվո՞ւմ է կոմիտասյան երկերի պրոպագանդումը, թե՞ ունենում է շարունակություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ, 2013թ. մրցույթին իրենց ուսանողներին էին ներկայացրել Գերմանիայի 4 քաղաքների կոնսերվատորիաները: Սա նշանակում է, որ նրանք նախ ուսումնասիրում են Կոմիտաս, հետո նոր հանձն առնում այդ երկերի կատարումները: Մրցույթ-փառատոնին մասնակցությունը սահմանափակ է, մեկ տեղի վրա լինում է 3-4 հայտ, տարբեր տարիների էլ անցկացրել ենք այլ անվանակարգեր եւս, այդ թվում՝ ջութակ, երգչախումբ, կվարտետ: Հաճախ այլազգի երաժիշտները Կոմիտաս են ներկայացնում սեփական փոխադրմամբ: Այնուամենայնիվ, տարեցտարի փառատոնի մասնակից հայտերի թիվն ավելանում է, ինչն էլ խոսում է կոմիտասյան արվեստը ոչ միայն Գերմանիայում, այլեւ աշխարհում հռչակելու մասին»: Պարոն Եկավյանը հավելեց, թե ուշադրության է արժանի այն փաստը, որ մրցույթ-փառատոնի մասնակիցները նաեւ ծանոթանում են Կոմիտասի հայրենիքից Գերմանիա ժամանած անվանի երաժիշտների հետ: Մրցույթ-փառատոնին տարբեր տարիների հրավիրվել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը, որը նաեւ 2013թ. ժյուրիի նախագահն էր, երգչուհի Աննա Մայիլյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը եւ այլն:

Մեր զրուցակիցն ասաց, որ արդեն որերորդ անգամ փառատոնի շրջանակներում անցկացվում է ակցիա՝ «Երեխաներն օգնում են երեխաներին» խորագրով: «Անցյալ տարի հավաքվել է 1100 եվրո, որը փոխանցեցինք հայաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Այս տարի կայացած միջոցառումից հետո ավելի քան 1000 եվրո օգնության նպատակով հասցեագրել ենք հիվանդ երեխաների բուժմանը»,- նշեց պարոն Եկավյանը: Նա պատմեց, որ իր տիկնոջ՝ փառատոնի տնօրեն Ելենա Դմիտրիեւայի հետ շրջել են հայաստանյան քաղաքներում եւ որոշել այս անգամ էլ օգնել ամենամաքուր քաղաքի երեխաներին: Ամուսիններն ամենամաքուրը համարել են Ջերմուկը: Առաջիկայում այդ քաղաքում այլ նախագծեր էլ են իրականացնելու: Հարցին, թե Կոմիտասյան մրցույթ-փառատոնն ունի՞ հայաստանյան գործընկեր, մեր զրուցակիցը պատասխանեց, որ առայժմ չունեն, բայց «Արամ Խաչատրյան» մոսկովյան հիմնադրամի տնօրեն Գագիկ Գաբրիելյանի միջոցով ծանոթացել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ում հետ դեռ խորհրդակցում են ինչ-ինչ հարցերի շուրջ:

Վահրամ Եկավյանը զրույցի ընթացքում քանիցս նշեց, թե երբեք չի մոռանա Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից իրեն Կոմիտասի հուշամեդալով պարգեւատրելը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Վահրամ Եկավյանն ու Ելենա Դմիտրիեւան:

«Առավոտ» օրաթերթ
01.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031