Արամ Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյան-Գագիկ
Ծառուկյան խնամիական կապի ու եռյակի հանրահավաքների մասին
«Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն (լուսանկարում) անդրադարձավ տարածված այն տեսակետին, որ ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ: Մեր հարցին՝ եռյակի հանրահավաքային քարտեզում Արտաշատ քաղաքը փոխարինվել է Արարատով, որովհետեւ գոյություն ունի Հովիկ Աբրահամյան – Գագիկ Ծառուկյան խնամիական կապը, կարծիք կա, որ վերջինը ամենեւին էլ չի ցանկացել նեղացնել խնամուն՝ վարչապետի «տարածքում» հանդես գալ նրա դեմ, սա արդյոք թաքնված համագործակցություն չէ՞, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Նախ անկեղծ ասեմ, որ եռյակի այսօրվա գործունեությունը շատ քիչ է հետաքրքրում ինձ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու: Եվ երկրորդ՝ հստակ այդպես է, Հայաստանում, պարզվում է, խնամիությունը սրբություն է քաղաքականության մեջ: Այսինքն՝ եթե խնամի է, ուրեմն ձեռք տալ, քննադատել, պահանջել, անհանգստացնել չի կարելի, այն սրբություն է նաեւ քաղաքականության մեջ: Ամբողջ աշխարհում նման բան չկա, որովհետեւ քաղաքականությունն ուրույն միջավայր է, ուրույն գաղափարների տեղ է եւ այնտեղ բարեկամություն չկա, միայն մտքեր են, ծրագրերի պայքար եւ այլն…»:
Իսկ թե ինչ է մտածում Արամ Կարապետյանը մեկ այլ տեսակետի վերաբերյալ, ըստ որի՝ Արտաշատը հանվել է եռյակի քարտեզից, քանի որ այն Հովիկ Աբրահամյանի «տարածքն» է, իսկ այնտեղ հանդես գալը պատիվ չէր բերի որոշ ընդդիմադիրների, նա պատասխանեց. «Ինձ այնքան քիչ է հետաքրքիր, թե ինչ են ջնջել, կամ ինչ է մնացել նրանց մոտ, բայց մի բան կրկնեմ, դատելով այն ամենից, որ կառավարության հրաժարականը պահանջելը, պարզվում է, անիմաստ է, ես այդպես եմ հասկացել ելույթներից ելնելով, հիմա չեմ հասկանում այս դեպքում, թե նրանք ինչ են ուզում, կամ՝ որ քաղաքում ինչ են անում: Այսինքն, եթե փողոցում մարդ է ման գալիս ու դուք չգիտեք, թե ինչ է նա ուզում, ձեզ կհետաքրքրի, թե նա որ ուղղությամբ է գնում, կարեւորը ձեր վրա չգա, չէ՞… Սկսվել է անհետաքրքիր գործընթաց, որովհետեւ օրակարգ չկա, քաղաքական պահանջների ձեւակերպված, հնչող տեսակետ չկա, մարդիկ ուղղակի գնացել՝ հանրահավաք են անում, հիմա, թե որ քաղաքում են անում՝ տարբերություն չկա: Այս պահին կարելի էր ուշադրություն դարձնել Եվրասիական տնտեսական միությանը, որովհետեւ սա ավելի կարեւորագույն խնդիր է՝ նրա լուծման ձեւերի հետ կապված, չլուծված հարցեր կան, ու կարելի է այս ուղղությամբ նայել, կամ Սերժ Սարգսյանի դիվերսիֆիկացված քաղաքականությունը, Ամերիկա գնալը, ելույթները, Կոլումբիայի համալսարան գնալը, հիմա էլ Հունաստանը, մի խոսքով՝ նրա դիվերսիֆիկացված լինելն իմ տեսակետից ավելի հետաքրքիր է եւ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների թնջուկ կարելի է դառնալ, քան այն, թե քաղաքում ինչ կանեն խնամի-բարեկամ…»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.10.2014