Ռոստովի համալսարանի պրոֆեսոր Տատյանա Ռուդիչենկոն՝ հայերի մասին
Սեպտեմբերի 18-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզի կազակաբնակ եւ մոլոկանաբնակ Լեւոկումսկիե գյուղում տեղի ունեցավ «Некрасовский карагод-2014» մշակութային ֆորումը` նվիրված կազակ-նեկրասովցիների՝ Ռուսաստան վերադարձին: Կազակ-նեկրասովցիները էթնիկ ռուսներ են եւ ապրել են Դոնում, որոնք դավանաբանական ճնշումների բերումով 1708 թվականին գաղթել են թուրքական կայսրության տիրապետության տակ գտնվող Ղրիմի խանության Կուբան բնակավայր, ապա` Բեսարաբիա ու Բուլղարիա եւ այդ բնակավայրերում ապրել շուրջ երեք հարյուր տարի` կազակ-նեկրասովցի ինքնանվանումը ստանալով իրենց առաջնորդ Իգնատ Նեկրասովի մականունից: 20-րդ դարի սկզբից թուրքական բռնաճնշումների պատճառով կազակներն աստիճանաբար լքում են թուրքական բնակավայրերը, եւ 52 տարի առաջ է «վերջին» կազակը Թուրքիայից վերադարձել հայրենիք: Վերջին տարիներին կազակ-նեկրասովցիներին նվիրված ամենամյա միջոցառումների անցկացումը Ստավրոպոլի մարզում պայմանավորված է նրանով, որ այստեղ նրանք լավագույնս պահպանել են իրենց մշակութային սովորույթներն ու ծեսերը: Նրանք այդ ամենը ջերմեռանդորեն ի ցույց էին դնում հյուրերին: Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ միջազգային գիտաժողով` լեզվաբանական էկոլոգիա խորագրով: Գիտաժողովի թեմատիկան այս անգամ բարբառագիտությունն էր, անհետացող լեզուների պատմամշակութային հիմնախնդիրները: Գիտաժողովին ու չորսօրյա էթնոմշակութային ճանաչողական միջոցառումներին մասնակցում էին Ռուսաստանի մի շարք համալսարանների բարբառագետներ, ինչպես նաեւ հրավիրյալներ մի շարք երկրներից` Հայաստանից, Էստոնիայից, Ավստրալիայից եւ Տաջիկստանից: Եթե նախորդ տարում այս ֆորումին Հայաստանը ներկայացրել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արուսյակ Սահակյանը, ապա այս տարի` տողերիս հեղինակը, եւ ես հանդես եկա «Մշո բարբառը» զեկուցմամբ` հանրալեզվաբանության շրջանակներում ներկայացնելով մշեցիների հայաթափումն անցած դարասկզբին պատմական Հայաստանից ու այդ հարցում թուրքերի գործադրած եղերական ջանքերին:
Միջոցառումներն անցան խիստ հագեցած ու հետաքրքիր, այն պայմաններում, որ առավոտյան ժամը յոթից պետք է հետեւեինք գիտական նստաշրջանին ու մշակութային իրադարձություններին մինչեւ ուշ գիշեր: Ռուս մասնագետները ընդգծում էին, որ կազակ-նեկրասովցիները երեքդարյա թուրքական տիրապետության շրջանում կարողացել են պահպանել իրենց լեզուն, ասքերն ու երգերը, հոգեւոր ու նյութական մշակույթը, ազգային կերակուրները, ծեսերն ու բարքերը, որոնք տոնական օրերին գործադրվում են մինչ օրս: Թուրքական մշակույթի ազդեցությունն են վկայում միայն կազակների բառապաշարում տեղ գտած թուրքական բառերը, ինչպես նաեւ` կազակ կանանց հագուկապի բազմաբղետ գույները: Կազակներից հետաքրքրվեցինք, թե ինչ գիտեն հայերի ու հայկական մշակույթի մասին, նրանք չթաքցրին իրենց հիացմունքը մեր մշակույթի եւ ազգային արժեքների վերաբերյալ, իսկ նրանցից մեկն ասաց. «Մենք ոնց կարող ենք ձեզ չճանաչել, չէ՞ որ ձեր Արարատի վրա է կանգ առել Նոյյան տապանը»:
Այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էինք մենք, գտնվում էր Բուդյոնովսկ քաղաքում: Այս քաղաքը առավել շատ հայտնի է նրանով, որ շուրջ տասը տարի առաջ չեչեն ահաբեկիչներն այնտեղ իրականացրին ահաբեկչություն խաղաղ բնակչության հանդեպ: Բուդյոնովսկում են ապրում նաեւ տասնյակ հայեր, ունեն իրենց եկեղեցին, խաչքարերը եւ պահպանում են հայկական մշակույթը: Դրա վառ ապացույցն է ընդամենը երկու տարի առաջ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին: Թեեւ մեզ չհաջողվեց հայկական համայնքի եւ ոչ մի ներկայացուցչի հետ հանդիպել, սակայն հաջողվեց իմանալ որոշ մանրամասներ: Հյուրերի` քաղաքի հետ ծանոթությունը սկսվեց հայկական մշակութային օջախների այցելությամբ` եկեղեցի, հուշարձաններ եւ խաչքարեր: Մեզ ուղեկցող էքսկուրսավարը կարեւորեց, որ Բուդյոնովսկի հիմնադրման ակունքներում կանգնած են Դերսիմից գաղթած հայերը եւ համարվում են քաղաքի իրական հիմնադիրները, իսկ Սուրբ Խաչը համարվում է քաղաքի պատմական անունը: Էքսկուրսավարը խորը երախտագիտությամբ հիշատակեց նաեւ հայերի ցուցաբերած աջակցությունը ռուսներին՝ չեչենական ագրեսիայի դրսեւորումների ժամանակ. «Չեչենների ձեռքը չընկնելու համար բազմաթիվ ռուսներ ապաստանում էին հայերի տներում»:
Կարդացեք նաև
Չորս օր գտնվելով ռուսական միջավայրում` մի բան հաստատ զգացի, որ ռուսական մտավորականությունը խորապես հարգում է հայկական մշակույթն ու մեր պատմությունը: Իրենք այդ վկայում էին իրենց գոհունակ գնահատականներով: Ռուսաստանում հայտնի բանագետ, պրոֆեսոր, Ռուսաստանի հումանիտար գիտության ֆոնդի նախագահ Նիկոլայ Դենիսովը կազակական եկեղեցում տեղի ունեցած ժամերգության ժամանակ պատկառանքով նկատեց, որ հայերը միակ ազգն են, որ ժամերգության ծեսերի որոշ դետալներ պահպանել են այնպես, ինչպես եղել է ի սկզբանե: Խոսքը հատկապես վերաբերում էր ձեռքով մեռոն տալու սովորույթին. ռուս հոգեւորականներն այդ անում են գդալով: Իսկ մեկ այլ հետազոտող` Ռոստովի համալսարանի պրոֆեսոր Տատյանա Ռուդիչենկոն, հայերիս մասին ժպտալով ասաց. «Որտեղով անցնում են հայերը, հրեաներն անելիք չունեն»:
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2014