Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է զեկույցի պատրաստման հարցում համագործակցությունից:
Քիչ առաջ Aravot.am-ին պարզ դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի զեկուցողների նշանակման հարցը: Զեկուցող է նշանակվել անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Քվեարկության է դրվել երկու թեկնածու՝ Ժան Կլոդ Մինյոնը և Ռոբերտ Վոլտերը: Երեք ձայնի տարբերությամբ զեկուցող է ընտրվել Ռոբերտ Վոլտերը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու և չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Հայ պատվիրակները լքել են դահլիճը:
Կարդացեք նաև
Այս առիթով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից: Նա ասաց՝ զբաղված է՝ ավելի ուշ կապ հաստատենք: Ուստի սպասում ենք Հերմինե Նաղդալյանի մեկնաբանություններին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ