Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները` իշխանափոխության, սահմանադրական բարեփոխումների մասին

Հոկտեմբեր 01,2014 19:07

Կապանում նույնպես հետեւում են երկրի քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին: Քաղաքական գործընթացներին շատերն անտարբերությամբ են մոտենում, անվստահություն հայտնում, իսկ ոմանք էլ հույս ունեն, որ ոչ իշխանական ուժերի միասնականության շնորհիվ երկրում հնարավոր է հասնել երկար սպասված փոփոխությունների:

«Ուզում է եռյակ չլինի՝  քառյակ լինի, մեկ է ոչ մի պենի հասնելու չըն: Ամեն անգամ մինը հայտնվում ա, թե իշխանափոխություն ըք անում, մարդկանց հավաքում ըն, խոստումներ տամ, բայց  վերջում ժողովրդին մանթո  թողնում: Ես ոչ պաշտոն օնիմ ոչ ալ դիրք, միշտ ալ հավաքներին քինում լա` մտածելավ, որ  մի պեն կփոխվի մըր երկրում, բայց մինա պեն տըռնող չի», – ասաց կապանցի Գառնիկն ու նշեց, որ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ռուսաստան` աշխատանք գտնելու հույսով, քանի որ երկար ժամանակ  գործազուրկ է եւ աշխատանք չի կարողանում գտնել Կապանում:

Իսկ երկար տարիներ մանկավարժ աշխատած եւ այժմ թոշակառու Պավլուշա Պողոսյանը կարծում է, որ արմատական փոփոխություններ անելը ճիշտ է, եթե դա կբխի ժողովրդի շահերից: «Այսօր սահմանադրական բարեփոխումները, թանկացումներն ի օգուտ ժողովրդի չի, ես կողմ եմ  արմատական փոփոխություններին: Եթե իմանամ իշխանությունը փոխվում է, ապա ամեն ինչ կարելի է  արած, բայց էս մեկին հանում են՝ էն մյուսին են դնում: Մինչեւ որ էդ իշխանավորին չդատեն, իրա սխալների համար պատասխանատվության չենթարկեն, ոչ մի բանի չենք հասնելու», – ասաց զրուցակիցս:

Տիկին Ամալյան գտնում է, որ ներկայիս  Սահմանադրությունը բավարարում է ժողովրդին, իշխանությունն այսօր պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի երկրի համար ամենահրատապ խնդիրների վրա, ոչ թե սահամանադրական բարեփոխումներ իրականացնի: «Եթե քննարկելու լինենք` մեզ սահմանադրական փոփոխություններ պետք չեն, այս պահի դրությամբ դեռեւս կարեւոր հարցեր կան. առաջին հերթին թող իշխանությունը կանգնեցնի արտագաղթը, մեր հայը մնա Հայաստանում, եւ աշխատատեղեր ստեղծեն ժողովրդի համար, որ մարդիկ չգնան Ռուսաստանում կամ այլ երկրներում աշխատեն: Ես կողմ եմ, որ Եռյակը միասնական գործի, համակարգի փոփոխություն անի», – ասաց Կապանի բնակչուհին:

Իսկ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, թոշակառու Հրաչիկ Հայրապետյանը գոհ է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից եւ հավատում է այսօրվա կառավարությանը:

«Մենք որ մեր կառավարությանը չհավատանք ո՞ւմ ենք հավատալու: Ես կողմ եմ, որ անկախ Հայաստան լինի: Տանջված եմ, չարչարված եմ, նեղված եմ, որ իմ երեխաներն ապրին, ամեն օր իշխանափոխությո՞ւն են անում: Շատ հոյակապ ղեկավարում են ներկայիս իշխանությունները, ի՞նչ պակաս ա: Ինչքան տանջանքներ ենք կրալ, որ էդ անկախությունը ստեղծիք, ո՞նց  պիտի կողմ չլինենք: Ես չեմ հավատում, որ իշխանափոխություն կանեն, ուզում եմ միասնական լինեն, մեկը մյուսին գրկի, մեկը մյուսին սիրի…»,- նշեց Հրաչիկ պապը եւ կոչ արեց բոլորին հանդուրժող լինել եւ համերաշխ ապրել Հայաստանում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031