Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ական պատգամավորին ուլտիմատումների համար կանչում է ԱԺ-ից դուրս

Հոկտեմբեր 01,2014 18:42

«Հարգելի կառավարություն, հազարավոր մարդիկ հիմա դուրսը կանգնած, չեն ուզում, որ դուք 12 մլրդ-ի բեռը ձեր վրա վերցնեք: Նոր տնտեսական քաղաքականությունը տեսանք ինչի բերեց՝ Գյումրի, Երեւան, հազարավոր մարդիկ, պրոբլեմներ, բոլորը վեր են կացել եւ ասում են՝ մենք չենք ուզում «Շրջանառության հարկի մասին» այդ օրենքով աշխատենք: Միջազգային կառույցները երկրորդական նշանակությւոն ունեն, եթե մեր հասարակությունն այսօր դուրսը բողոքում է, ամբողջ օրը անձրեւի տակ կանգնած ասում է՝ մենք չենք ուզում աշխատել այս ճանապարհով, ի՞նչ ա ասում մեր կառավարությունը՝ որոշել ենք եւ վերջ:

Ես, որպես պատգամավոր, ուզում եմ վերջնական ճշտել՝ այդ օրենքը մնալո՞ւ է ուժի մեջ ոնց որ դուք եք գրել, ներկայացրել, ոչինչ չի՞ փոխվելու, թե՞ դուք պատրաստ եք գնալու կոմպրոմիսի՝ հանուն դրսում հավաքված մեր բազմահազար քաղաքացիների եւ մեր ժողովրդի: Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում: Ժողովրդի ճնշումը գնալով մեծանալու է, լինելու է լարվածություն, որը ոչ մեկին էլ պետք չի երեւի թե: Եթե կա հնարավորություն կասեցնելու, ինչո՞ւ կառավարությունը չի գնում այդ քայլին: Ուզում եմ այսօր կառավարությւոնը պաշտոնապես վերջնական իր դիրքորոշումը հայտնի, այսօր հոկտեմբերի 1-ն է, եւ օրենքը մտել է ուժի մեջ»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսպիսի հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Վահան Բաբայանի կեցվածքը, Մարտուն Գրիգորյանի կեցվածքն ընդհանրապես իր համար անհասկանալի է. «Ուլտիմատումով… մեզ կոնկրետ ասեք՝ օրենքը հետաձգվելո՞ւ է: Նախ, օրենքը հետաձգողը դուք եք, մենք չենք, դա՝ մեկ: Երկրորդը՝ այդ խոսելու ոճը ես չգիտեմ դուք փողոցի՞ց եք բերել այս դահլիճ: Մի ժամանակ, երբ ես աշխատում էի ԱԺ-ում, այսպիսի ոճ չկար: Մենք գործընկերներ ենք, մեր բոլորի գործն է հանրությանը բացատրել: Մենք այդ օրենքի մինչեւ ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք արել ԱԺ-ում՝ պատգամավորների ներկայությամբ, ՀԿ-ների ներկայությամբ, ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարդկանց բացատրել ենք, այնպես չի եղել, որ արագ բերել ենք ԱԺ, ԱԺ-ն արագ քննարկել ու ընդունվել է: Հիմա այդ ոճը պահանջատիրական… բան, փողոցով մեզ ահաբեկել… բան: Ես կարծում եմ, դա այս դահլիճում քննարկելու տեղ չի: Կարանք տանենք որտեղ հարմար է՝ այնտեղ քննարկենք»:

Նա ասաց, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչների բեռն են թեթեւացրել. «Ինձ համար անհասկանալի է, եթե մենք բոլորս անկեղծ ենք, ազնիվ ենք, եթե շրջանառության չափը փոքր է, ողջամիտ չի, որ նա հրաժարվի 1 տոկոս վճարից եւ ասի՝ 3.5 տոկոս եմ վճարելու: Պարզ չի՞, որ այդ ցանկացողները, դժգոհողների շրջանառությւոնը ոչ թե 58 մլն է, այլ կարող է 200 մլն  դրամ է: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ չե՞ք ուզում իրականությունը հասկանանք: Մեզ  քննադատում են, թե կառավարությունը չգիտի՞ ովքեր են ստվերում աշխատում: Այո, գիտենք եւ դա մեկ քայլ է, որպեսզի փակենք այդ ճանապարհը: Մենք չենք գնալու միշտ ՓՄՁ-ներին ստուգենք: Մենք գնալու եւ նստելու ենք խոշորների մոտ, ովքեր ապրանք են բաց թողելու ՓՄՁ-ին: Այդտեղ ենք ստուգելու՝ փաստաթղթավորում կա՞, թե՞ չկա: Մենք սկզբից սկսելու ենք խոշորներից, դուք անհոգ եղեք: Ես չգիտեմ դա ում հնարածն է, որ մենք գնալու ենք, թուրը քաշելու ենք, ՓՄՁ-ներին ճնշելու ենք: Ոչ, այդպիսի բան չի լինելու: Մեր խնդիրը այն խոշոր ձեռնարկատերերն են, ովքեր ստվերում են աշխատում, որ գան հարկային դաշտ»:

Վահան Բաբայանը վարչապետին պատասխանեց, որ իր պահվածքը պատգամավորին անվայել պահվածք չի եղել. «Ընդամենը իմ հարցերն եմ ուղղում, քանի որ դրսում եւ փողոցում հավաքված մարդիկ կան, բացի դժգոհությունից, այլ բան չենք տեսել: Եվ օգտվելով մեր պատգամավորական իրավունքից, այո, պահանջում ենք, որպեսզի կառավարությունից ընդամենը ստանանք պատասխան: Իսկ մնացածը, ինչպես հասկացա, դուք գործող օրենքը թողնում եք ուժի մեջ: Մնում է ամեն ինչ նույնը, ինչպես կա»:

Հովիկ Աբրահամյանը շարունակեց ճնշել Վահան Բաբայանին՝ իր կեցվածքի, պահվածքի համար. «Ձեր ֆեյսբուքյան էջում գրված անհիմն, սուտ ինֆորմացիաների մասին ես երկու անգամ ասել եմ ձեզ: Ուզում եմ հորդորել, որ լինեք անաչառ: Հիմա մի ձեւ եք ընդունել, որ դուք այնքան ժողովրդի մասին մտածող եք, կառավարությունը մտածող չի: Սխալվում եք: Մենք ենք մտածող, դուք չեք: Միտինգ անելով, դժգոհողներ հավաքելով՝ հարց չի լուծվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031