Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը՝ ոստիկանության ներկայացուցչին. «Փոքրիկ տնակս ո՞րն ա, հեքիաթ մի պատմի, արա՛»

Հոկտեմբեր 01,2014 18:17

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վարչական դատարանում դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր ոստիկանության հայցն ընդդեմ «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, եւ նրա հակընդդեմ հայցի քննությունը:

Հիշեցնենք՝ անցած տարվա օգոստոսի 1-ին, երբ ակտիվիստները ցանկացել էին վրաններ տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, ոստիկանությունն առգրավել էր դրանք: Սակայն ավելի ուշ առգրավված երեք վրաններից երկուսը վերադարձվել էին քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանին, իսկ Արգիշտի Կիվիրյանի վրանը այդպես էլ չէր վերադարձվել:

Դատական նիստի ընթացքում դատարանը լսեց վկա Նելլի Հարությունյանի վկայությունը: Նա դատարանին հայտնեց, որ օգոստոսի 1-ին, երբ իմացել է, որ Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել, գնացել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին եւ այնտեղ սպասել է մինչեւ նրա դուրս գալը: Տիկին Հարությունյանը վստահ էր, որ ոստիկանության բաժնում Կիվիրյանին պահել են սահմանված 3 ժամից ավելի. «Ես գտնվում էի ոստիկանության բաժանմունքի ներսում, այնտեղ ինձ հայտնեցին, թե երբ են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Նրան ազատ են արձակել 15:40-ի սահմաններում: Իմ հաշվարկներով՝ նրան ավել են պահել, քան 3 ժամը»:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դատարանին ներկայացրեց Ոստիկանություն բերված անձանց մատյանի քաղվածքը, ըստ որի՝ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել 12:45-ին եւ ազատ է արձակվել 15:45-ին:

Դատարանը շարունակեց ապացույցների քննությունը, կողմերն ուսումնասիրեցին լրատվամիջոցների կատարած տեսանյութերը: Տեսանյութի ուսումնասիրման ընթացքում՝ Սոնա Մելիքյանը ցույց տալով վրաններից մեկը՝ նշեց, որ վրանն, ասես մանկական խանութից գնված փոքրիկ տնակ լինի. «Փոքրիկ տնակս ո՞րն ա, հեքիաթ մի պատմի, արա՛»,- ի պատասխան նրա բացականչեց Արգիշտի Կիվիրյանը: Դատավոր Կարինե Բաղդասարյանը նախազգուշացրեց նրան եւ խնդրեց հաշվի առնել, որ ոստիկանության ներկայացուցիչը կին է. «Ինքն սուտասան է»,- պատասխանեց Կիվիրյանը:

Տեսանյութի ուսումնասիրման ընթացքում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը խնդրեց ուշադրություն դարձնել երկու ժամացույցների վրա, որոնցից մեկի տերն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին էր: Սոնա Մելիքյանը սակայն համաձայն չէր կողմի հետ, քանի որ հնարավոր է համարում, որ ժամացույցները սխալ աշխատեին կամ ընդհանրապես չաշխատեին:

«Տեսանյութի նպատակը նա է, որ բերման ենթարկելիս ներկա է գտնվել Վալերի Օսիպյանը, հստակ երեւում է, որ Օսիպյանը արդեն գտնվում է խոտածածկ տարածքում, այսինքն՝ մինչ դա Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել: Դատարանին ցույց տվեցինք երկու ժամացույց, եւ երբ որ համադրում ենք ժամերը, հստակ երեւում է, որ ժամերն համընկնում են՝ հետ չէ, առաջ չէ, այսինքն՝ երկուսի ժամացույցներն էլ ցույց են տվել իրական ժամը: Ստացվում է, որ անց քսանմեկից առաջ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկված է եղել»,- իր խոսքում ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նաեւ նշեց, որ օգոստոսի 1-ին ժամը 12:33-ին News.am կայքը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Արգիշտի Կիվիրյանին արդեն բերման են ենթարկել. «Փաստորեն, այնքան ժամանակ է անցել, որ հասցրել են նյութ գրել եւ այն հրապարակել: Ստացվում է, որ մինչեւ դա տասներկու րոպե առաջ նյութ է տեղադրված»:

Սակայն Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ համարում է՝ մինչ Արգիշտի Կիվիրյանին տանում էին դեպի ոստիկանության մեքենան լրագրողն հասցրել է արագ գրել եւ հրապարակել նյութը:

Նա նշեց, որ քաղաքապետարանից ոստիկանությանը ամենաշատը 9-ը րոպե է պետք, որպեսզի հասնի ամենամոտ գտնվող ոստիկանության Կենտրոն վարչական շրջանի բաժանմունք: Ոստիկանության ներկայացուցչը ընդունեց հնարավորությունը, որ կարող է Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկած լինեին 12:35-12:40-ի սահմաններում:

Դատական նիստը հետաձգվեց, այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031