«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ մոտակա ժամանակներում պլանավորում է քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ Մի շարք քաղաքական ուժեր անմիջապես արձագանքել էին ԲՀԿ նախագահի հարցազրույցին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում երկու քաղաքական ուժերը վերահաստատել էին ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումներն ու առաջնային էին համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն միտված բարեփոխումների իրականացումը:
Նույն թեմայի շուրջ ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը զրուցեց նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ կայացած հանդիպումներին հաջորդեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպումը: