«Բանդայի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հրավիրված ոստիկանության մայոր, մատնահետքաբան փորձագետ Արտակ Մինասյանի հարցաքննությունն ավարտվեց:
Ամբաստանյալ Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը հայտարարեց, որ չփարատված կասկածները պետք է հօգուտ ամբաստանյալների լինի, մասնավորապես նա շեշտեց, որ թմբուկավոր ատրճանակի վրա հայտնաբերված իր պաշտպանյալի միայն միջնամատի հետքը կասկածների տեղիք է տալիս: Նա ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ ամբողջ ափի մեջ է եղել զենքը եւ հնարավոր չէր, որ անհատական վարկանիշները փորձագետը չարձանագրեր: «Ես չեմ կարող հավատալ, որ դուք հայտնաբերել եք եւ այդ հայտնաբերված հետքը արհեստական չէ»,- ասաց նա, նաեւ ակնարկելով այն հանգամանքը, որ դեպքի վայրում չեն հայտնաբերվել այդ հետքերը:
Դատարանն ուսումնասիրեց փորձագետի կողմից կնքված ժապավենը: Դատարանում ժապավենի հետազոտման ժամանակ էլ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանին հետաքրքրում էր, թե՝ եթե այդ նույն ժապավենը փորձաքննության ուղարկվի, ապա ինչպես պետք է ապացուցվի, որ հետքերը վերցված են զենքի վրայից եւ ոչ թե ապակուց: Փորձագետը պատասխանեց, որ եթե օբյեկտը կարծր է, հետքերը նույնանման են (այսինքն՝ ջրի բաժակի վրայի մատնահետքը նմա՞ն է զենքի վրայի հետքին- Ռ. Մ.):
Դատավոր Մեսրոպ Մակյանին հետաքրքրում էր փորձագետի պարզաբանումը, այն է՝ երբ համակարգչով է արվում փորձաքննությունը, 40 հետք է լինում: Դատավորին հետաքրքրեց՝ «Սա կատեգորիկ թի՞վ է, եւ կոնկրետ այս գործով քանի՞ հետք է եղել»: Փորձագետը պատասխանեց, որ մատնահետքերը, որ հայտնաբերվել են զենքի վրայից, համապատասխանել են ամբաստանյալների մատնահետքերին:
Կարդացեք նաև
Հովիկ Արսենյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը դատարանը բավարարեց, չնայած դրան դեմ առարկեց մեղադրող Սասուն Խաչատրյանը: Արտուշ Հակոբյանը հայտնել էր, որ 2011թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը եղել է իր ընկերոջ՝ Արմեն Մանուկյանի հետ, ծննդյան տոնն են նշել, եւ որ ալեհավաքների տվյալներով էլ հիմնավորվել է, թե որտեղ է գտնվել Արտուշ Հակոբյանը: Մինչդեռ, ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը կազմակերպել եւ ղեկավարել է այդ օրը բանդայի գործողությունները, ավազակային հարձակում իրականացրել Նապոլեոն Ազիզյանի տանը:
Մեղադրող Խաչատրյանի կարծիքով՝ ալիբիի մասին Արտուշ Հակոբյանը նախաքննության ժամանակ չի նշել եւ 100 տոկոսով հավանականություն կա ապօրինի ազդեցություն գործել վկաների վրա: Սրան առարկեց Հովիկ Արսենյանը, ասելով, որ մեկուկես տարի առաջ նախաքննական մարմնին ինքը հայտնել է, որ Արտուշ Հակոբյանն ունի ալիբի, որը ցանկանում է ասել դատարանում:
Պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը մեղադրողի առարկությունները դիտեց Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում եւ ասաց, որ պետք է բավարարվի պաշտպանի միջնորդությունը. «Ի՞նչ է նշանակում՝ ամբաստանյալն ասում է անմեղ է, ունի վկա, ունի ալիբի եւ դատարանն էլ հանկարծ մերժի»:
Հաջորդ դատական նիստին դատարան կգան պաշտպանի միջնորդած վկաները՝ Արմեն Մկրտչյանն ու Լիլիա Սահակյանը:
Նշենք, որ հերթական անգամ դատական նիստին չէին ներկայացել տուժողներ ճանաչված պետական բարձրաստիճան այրերը, որոնց բնակարաններից ու առանձնատներից «բանդան» իբրեւ թե հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար, ոսկեղեն, թանկարժեք նկարներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ