Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ անցկացվեց «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա ընկերների և ՀՀ մյուս քաղբանտարկյալների: Ակցիային ներկա էին իրավապաշտպաններ, ազատամարտիկներ, ԱԻՄ, Նախախորհրդարանի անդամները:
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեցին իշխող ռեժիմի հանդեպ:
Aravot.am-ի հետ զրույցում նրանցից շատերը մտահոգություն հայտնեցին Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ներկայացված 5 տարվա դատավճռի վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք՝ անչափահաս Շահեն Հարությունյանի դատավճիռը հնարավո՞ր է վերանայվի: Նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ ընդհանրապես մեղադրանքը կհանեն: Եթե նման մտադրություն լիներ, ի սկզբանե չէին էլ առաջադրի»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե մեր հասարակությունը թույլ տա, որ Շանթն ու իր ընկերները դատապարտվեն, ուրեմն դա մեր հասարակության խայտառակությունը կլինի, և դա կնշանակի, որ մենք որևէ բանի ընդունակ չենք, ինչպես ընդունակ չեղանք կանխելու Սուրիկ Խաչատրյանի նշանակումը»:
Կարդացեք նաև
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, թե հույս չունի, որ կվերանայվի Շահեն Հարությունյանի դատավճիռը. «Ամեն ինչ կպահպանվի և կխորանա, քանի դեռ ՀՀ քաղաքացիներն իրենց մեջ արժանապատվություն չգտնեն հեղափոխություն անելու»: Մեր դիտարկմանը, թե տեսանք մեկ անգամ արված հեղափոխության փորձն ինչով ավարտվեց՝ հանձինս Շանթ Հարությունյանի և ընկերների գործի, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Մի հայտնի խմիչքի վրա գրված է՝ կրկին փորձիր: Պետք է ավելի լավ հասկանալ տեխնոլոգիան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ