Ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների առաջարկները «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, չեն ընդունվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ԱԺ նախագահի մոտ կառավարության անդամների հետ հարցի քննարկումից հետո:
Քննարկմանը կառավարությունից մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Խաչատրյանը:
Քննարկումները, սակայն, դեռ ավարտված չեն, դրանք կշարունակվեն նաեւ վաղն առավոտյան ժամը 10. 00-ին: «Օրենքում ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, օրենքը դեռ նոր է կիրարկվում: Անհանգստություն կար, որ սանկցիաներ, ստուգումներ կանցկացվեն, կարծես թե եկանք ընդհանուր հայտարարի, որ կառավարությունը վաղն առավոտյան այդ հարցերի պատասխանները կտա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հավելեց. «Մեկ բան ուզում եմ ազնվորեն ասել`քննարկվել է նաեւ այն ռեժիմը, որ մինչեւ հունվարի մեկը, այսինքն մեկ եռամսյակ, կարողանանք ունենալ գրավոր փաստաթուղթ`դա կարող է լինել վարչապետի որոշում, կառավարության որոշում, որպեսզի հարկային մարմինների աշխատակիցները չմտնեն փոքր ու միջին ձեռնարկություններ, որեւէ կարգի ստուգման: Բացառությամբ`ամենառիսկայինների` նարկոտրաֆիկ, զենք եւ այլն: Սակայն, դա որեւէ կերպ չի լուծում օրենքի սանկցիաների խնդիրը: Այս պահին ծանր բանակցություններ են գնում, մեր առաջարկներից դեռ որեւէ բան չի ընդունվել: Քննարկումները վաղը կշարունակվեն»:
Ի դեպ, խորհրդարանի մատույցներում այս պահին առեւտրականները դարձյալ բողոքի ակցիա են անում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Նիստի ավարտից հետո բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետին դիմավորեցին ԱԺ Դեմիրճյանի մուտքի մոտ՝ «ամոթ, ամոթ» վանկարկումներով, բղավոցներով եւ սուլոցներով: