Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Մի քաղաքացի արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում է ինձ եւ պահանջում է, որ ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Ներկայացնեմ նրա կենսագրությունը, տեսեք արժանի չէ՞ ձեր կառավարությունում բարձր պաշտոն ստանալ»,- ասաց նա եւ սկսեց կարդալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը՝ նշելով, որ «ռեցիդիվիստին» տանում են կառավարություն ու վերածում դոկտորի, պաշտոնական կայքում նշված է, որ նա պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել:
Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց. «Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնում՝ ուղղակի հաշվի առնելով իր տարածքային կառավարման մարմիններում աշխատանքային փորձը: Գրավոր բազմաթիվ զանգեր, առաջարկներ եմ ստացել ՀԿ-ներից, տարբեր կառույցներից: Կան հակասական պատկերացումներ՝ Սուրիկ Խաչատրյանի մասին, բայց սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որպեսզի հաշվի առնենք իրենց կարծիքը եւ Սուրեն խաչատրյանին ներկայացնենք մարզպետի պաշտոնում: Իսկ ինչ բացասական ասացիք նրա մասին՝ դա ձեր կարծիքն է, սա էլ մեր մոտեցումն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև