Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ռեցիդիվիստ Սուրիկին տանում եք ձեր կառավարություն ու վերածում դոկտորի»

Հոկտեմբեր 01,2014 17:14

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Մի քաղաքացի արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում է ինձ եւ պահանջում է, որ ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը: Ներկայացնեմ նրա կենսագրությունը, տեսեք արժանի չէ՞ ձեր կառավարությունում բարձր պաշտոն ստանալ»,- ասաց նա եւ սկսեց կարդալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը՝ նշելով, թե քանի անգամ է նա դատվել խուլիգանության համար, ավտոմեքենայի գողություն է արել, ծեծել է մի կնոջ՝ տեսախցիկների առաջ, ծեծել է երեխայի, բոլորովին վերջերս մարդ է սպանել՝ վերեւից ներքեւ կրակոցներով. «Բայց քանի որ աղվեսի պես խորամանկ է, այնպես, այն դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել նրան: Սակայն, ինչպես ասում են՝ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը, լսվում է նրա ձայնը, թե ինչպես է կանչում իր զոհին: Նրա անունը Սուրիկ է, 7 մլն դոլար քեշ փող ունի, ծայրահեղ դեպքում գոնե մարզպետի պաշտոն չէ՞ր գտնվի նրա համար ձեր կառավարությունում»:

Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ցույց տվեց, թե չի հասկանում ում մասին է խոսքը եւ ճշտեց՝ ո՞ւմ մասին է խոսքը, ասեք՝ պատասխանեմ, ես կենսագրությունով չեմ մտածում:

Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ այդ կենսագրությունը գրեթե 100 տոկոսով համընկնում է Սյունիքի մարզպետին. «Հարցը Սուրիկի մասին է, ով ունի այսպիսի փայլուն կենսագրություն»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կրկնահանցագործներին կառավարությունում բարձր պաշտոն տալ, գուցե դա նպաստի նրանց ուղղմանը. «Ասենք, Սուրիկ Խաչատրյանին նշանակել եք մարզպետ, իմ ձեռքի տակ կա տեղեկանք ոստիկանությունից նրա 3 դատվածության մասին: Բայց փաստորեն, ձեր կառավարությունում ռեցիդիվիստները կարող են ուղղվել: Այսօր բացեցի կառավարության կայքը պաշտոնական եւ կենսագրությունը տեսա փոխված՝ 2014-ին ներկայացրել է պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում գիտական աշխատանք եւ ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Եթե հանցագործությունները չենք կարողանում հաղթահարել, գուցե ճիշտ մեթոդ եք ընտրել՝ ռեցիդիվիստին տանում եք կառավարություն ու վերածում դոկտորի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031