Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի մեկնարկն այսօր տրվեց:
Ծրագիրն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ)՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ընդհանուր գծերով ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ վերջինիս նպատակը սոցիալական զարգացման շրջանակներում համագործակցության ամրապնդումն է, մասնավորապես, ԵՄ լավագույն փորձին համահունչ կրթական բարեփոխումների, ուսուցման համակարգի կատարելագործման, որակի ապահովման ուղղություններով, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումը, որը, նրա խոսքով, կնպաստի կրթության որակի բարելավմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությանը:
Ծրագրի հիմնական շահառուները Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) են:
Կ. Հարությունյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը, որն իրականացվելու է երկու տարվա ընթացքում, նախատեսում է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության և Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) վերանայում, ԿԳՆ-ի, ՈԱԱԿ-ի և բուհերի աշխատակիցների կարողությունների ընդլայնում՝ Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, բուհերում Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղություններով իրականացվող ծրագրերի աջակցություն, գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան ՈԱՇ-ի ներդրում. «Նպատակը, առաջին հերթին, դիպլոմների ճանաչումն է, ուսանողների, դասախոսների շարժունության խրախուսումը,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կ. Հարությունյանը,- իսկ որպեսզի դիպլոմները հեշտությամբ փոխճանաչվեն, անհրաժեշտ է, որ որակավորումների միասնական շրջանակ լինի: Բնականաբար, տարբեր երկրներում այս որակավորումները տարբեր են, և հիմա մեկ միասնական լեզվով խոսելու, որակի միասնական չափանիշների անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ուսանողների անարգել շարժունություն, դիպլոմների հեշտ ճանաչելիություն և այլն»:
Նշենք, որ ծրագիրը, որում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից, ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (ծրագրի բյուջեն մեկ միլիոն եվրո է):
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ