Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. « Մարտի 1-ից հետո 1.5 տարի անընդմեջ ես եւ իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով»

Հոկտեմբեր 01,2014 16:56

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ կիսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտնած մտահոգությունը, որ ֆուտբոլային մրցաշարեր ցուցադրելիս՝ Հանրային հեռուստատեսությունը 15 րոպեն մեկ հայտարարում է, թե որ խաղադրույքն է փոխվել ու «մարդկանց տները դարձնում կազինո»:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ «Պրոբլեմը, որի մասին խոսեց պարոն Փաշինյանը՝ ես էլ մտահոգվեցի: Հասկանալի է, որ հովանավորի հարց կա, բայց անընդունելի է, երբ մեկնաբանը խաղի ընթացքում մի քանի անգամ ասում է՝ Վիվարոն փոխեց խաղադրույքը: Սա շատ վտանգավոր բան է, ոնց որ կոչ լինի մարդկանց՝ խաղադրույք անելու: Սա բացարձակապես անընդունելի է: Հովանավորը չի կարող ձեզ թելադրի հաղորդում վարելու ոճը: Դրեք լոգոն կողքը մի տեղ, խնդրեմ, թող ամբողջ խաղի ընթացքում երեւա»:

Խաչատուր Քոքոբելյանը դժգոհել էր, որ Հանրայինը ընդդիմադիրներին ձայն չի տալիս եւ հավասարակշռված չի լուսաբանում քաղաքական պրոցեսները: Սամվել Ֆարմանյանը սրա հետ չէր համաձայնել: Ալեքսանդր Արզումանյանը հիմնավորեց, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ ընդդիմադիրներին ձայն չեն տալիս. «Եղել են դեպքեր երբ, 2008-ի Մարտի 1-ից հետո մեկուկես տարի անընդմեջ ես եւ իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով: Նախաքննության գաղտնիքները հրապարակվել են, ապօրինաբար ձեռքբերված տեղեկատվությունը եթեր են տվել, որոնք նույնիսկ դատարանում ապացույց չեն գտել: Վարկաբեկվելուց հետո տարիներ շարունակ որեւէ մեկը հնարավորություն չի ունեցել գալ եւ իր տեսակետներն ասել: Ավելին, ընդդիմադիր գործիչներին հրավիրում էին միայն նախընտրական փուլի 1 ամսվա ընթացքում, որովհետեւ մոնիտորինգի տակ էին հեռուստաընկերությունները եւ դրանով նորման պահպանում էին: Մեկ ամսում 10-12 հոգու հրավիրում էին ու ասում, որ տարվա կտրվածքով սպառված է»:

Նա առաջարկեց փոփոխություններ մտցնել եւ իսկապես հանրային շահը ներկայացնել, որը ենթադրում է բազմակարծություն. «Կարող եք անտեսել քաղաքական գործչին, բայց անտեսեք ընդհանրապես, ասեք ոչ լավը, ոչ վատը: Բայց երբ խոսում եք ձեր հաղորդման ժամանակ որեւէ գործչի մասին վատը, պետք է հնարավորություն տաք, որ այդ գործիչն էլ ներկայացնի իր տեսակետը, հակադիր տեսակետը: Սա ժուռնալիստիկայի նորմ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031